Վրաստանի ԱԳՆ-ից հայտնել են, թե ով էր կառավարական ինքնաթիռով Վրաստանից Մինսկ մեկնել
Վրացական ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաալիքը հաղորդել է դեպի Բելառուս Վրաստանի կառավարական ինքնաթիռի մեկնման մասին, որում «կառավարության ութ ներկայացուցիչ» է եղել, գրում է eadaily.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Georgian Airways ավիաընկերության «Բոինգ» ինքնաթիռը, որով սովորաբար նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին է տեղափոխվում, երեկ չարթերային թռիչք է իրականացրել Թբիլիսի-Մինսկ-Թբիլիսի ուղղությամբ՝ Մինսկի օդանավակայանում մնալով ընդամենը մեկ ժամ։
«Կտրուկ հերքում եմ այդ լուրերը և նշում, որ նախագահը ոչ միայն Վրաստանը, անգամ Թբիլիսին չի լքել»,- լրագրողներին հայտնել է նախագահի վարչակազմի մամուլի ծառայության աշխատակիցը՝ մեկնաբանելով նախագահի՝ երկիրը լքելու մասին տեղեկությունը։
Նշվում է, որ զուգահեռաբար նաև վարկած է շրջանառվել, թե այդ չվերթով հնարավոր է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդուն՝ Նիկոլային են Թբիլիսի բերել։
Արդյունքում երկրի ընդդիմության ներկայացուցիչները պահանջել են, որ իշխանությունները պաշտոնական հայտարարությամբ հանդես գան՝ պարզաբանելով, թե ով է եղել օդանավի սրահում։
Ավելի ուշ Թբիլիսիի արտգործնախարարությունից հայտնել են, որ Բելառուսում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վալերիյ Կվարացխելիան է Մինսկ մեկնել, որն օգոստոսի 6-ից Վրաստանում էր։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Վրաստանի կառավարությանը պատկանող օդանավը նախօրեին Մինսկ է մեկնել․ այս ինքնաթիռով սովորաբար մեկնում է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նշվել էր, որ օդանավը Բելառուսի մայրաքաղաքում երեկոյան ժամը 19։00-ի սահմաններում է վայրէջք կատարել։ Այն Մինսկի օդանավակայանում մոտ մեկ ժամ է մնացել, այնուհետև վերադարձել է Թբիլիսի։