Սպորտ

Ովքեր են վերջին 15 տարիների Հայաստանի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները

WRed 370 դիտում
Ովքեր են վերջին 15 տարիների Հայաստանի 10 ամենաթանկ ֆուտբոլիստները

Transfermarkt պարբերականի վարկածով՝ Հենրիխ Մխիթարյանը վերջին 15 տարիների Հայաստանի ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Վերջինիս տրանսֆերային գինն ամենաբարձրը եղել է 2016 թվականի մարտի 1-ին, երբ մեր կիսապաշտպանը հանդես էր գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Այդ ժամանակ Transfermarkt-ը Մխիթարյանի տրանսֆերային գինը գնահատում էր 37 միլիոն եվրո:

Երկրորդ տեղում է Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, որի տրանսֆերային արժեքը 2014-ի մարտի 3-ին կազմել է 10 միլիոն եվրո: Լավագույն եռյակը եզրափակում է «Սպարտակում» Մովսիսյանի նախկին ակումբակից, այժմ Երևանի «Փյունիկում» հանդես եկող Արաս Օզբիլիսը: 30-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային գինը 2014-ի մարտի 3-ին 7 միլիոն եվրո էր:

Համեմատության համար նշենք, որ նույն պարբերականն այսօր Մխիթարյանի տրանսֆերը գնահատում է 20 միլիոն եվրո, Արաս Օզբիլիսի տրանսֆերային արժեքը` 300 հազար եվրո,  Յուրա Մովսիսյանինը` 400 հազար եվրո։ Նշենք, որ Մովսիսյանը տևական ժամանակ խաղադաշտ դուրս չի եկել և նույնիսկ չունի ակումբ։

4-րդ հորիզոնականում գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն է։ Այս տարվա մարտին նրա տրանսֆերային գինը գնահատվել է 5 միլիոն եվրո։ Լավագույն հնգյակը եզրափակում է Արտավազդ Քարամյանը։ 2009 թվականի հունիսին ռումինական «Տիմիշոարա» ակումբում նրա տրանսֆերը գնահատվել է 3.3 միլիոն եվրո։ Մարկոս Պիզելիի տրանսֆերային արժեքի ամենաբարձր ցուցանիշը՝ 3 միլիոն եվրո, գրանցվել է 2013 թվականի հունիսին, երբ նա ելույթ էր ունենում Կրասնոդարի «Կուբանում»։

Տասնյակում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականում ելույթ ունեցած մեկ այլ օտարերկրացի ֆուտբոլիստ։ Կամերունցի դարպասապահ Էդել Ապուլա Էդիմա Բետեի տրանսֆերային արժեքը 2010 թվականի դեկտեմբերին կազմել է 2.7 միլիոն եվրո։ Այդ ժամանակ Բետեն հանդես էր գալիս ՊՍԺ-ում։

8-րդ հորիզոնականում վերջերս Հայաստանի ազգային հավաքականում խաղալու պատրաստակամություն հայտնած դարպասապահ Դավիթ Յուրչենկոն է։ 2015 թվականին «Ուֆա» ակումբում խաղալու ժամանակ նրա տրանսֆերային արժեքը կազմել է 2 միլիոն եվրո։ 9-10-րդ հորիզոնականները կիսում են մեր հավաքականի երբեմնի լավագույն խաղացողներից Արթուր Պետրոսյանը և Տիգրան Բարսեղյանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը 2019 թվականի դեկտեմբերին եղել է 1.5 միլիոն եվրո։ Այդ ժամանակ Բարսեղյանը խաղում էր ղազախական «Կայսարում»։ Այսօր Բարսեղյանը ղազախական մեկ այլ ակումբի՝ «Աստանայի» ֆուտբոլիստ է։ 2004 թվականին 1.5 միլիոն եվրո է կազմել նաև Արթուր Պետրոսյանի տրանսֆերը, երբ նա ելույթ էր ունենում շվեյցարական «Ցյուրիխում»։

Նշենք, որ մինչև կորոնավիրուսի համավարակի բռնկումը Հայաստանի ազգային հավաքականն ուներ 5 ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը մեկ միլիոն և ավելի էր գնահատված։ Այսօր ունենք այլ պատկեր։ Մխիթարյանից հետո հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստի՝ Սարգիս Ադամյանի տրանսֆերը նվազել է մեկ միլիոն եվրոյով և այժմ 4 միլիոն եվրո է։ 300 հազար եվրոյով նվազել է Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը և հիմա կազմում է 1.2 միլիոն եվրո։ «Ուրալում» հանդես եկող մեր հավաքականի պաշտպանական գծի առաջատար Վարազդատ Հարոյանի տրանսֆերն էլ նվազել է 400 հազար եվրոյով և կազմում է 800 հազար եվրո։ Ամենաթանկ հայաստանցի ֆուտբոլիստների լավագույն հնգյակում գտնվող ղազախական մեկ այլ ակումբի՝ «Կայրաթի» ներկայացուցիչ Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքն էլ նվազել է 200 հազար եվրոյով և հիմա 800 հազար եվրո է։ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու պատրաստակամություն հայտնած «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանի տրանսֆերը 2.8 միլիոն եվրո է։

Այս պահին Հայաստանը՝ ի դեմս Հենրիխ Մխիթարյանի, Սարգիս Ադամյանի, Խորեն Բայրամյանի և Տիգրան Բարսեղյանի, ունի չորս  ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցում է մեկ միլիոն եվրոն։ Ընդհանուր առմամբ, եթե մեկ ամիս առաջ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում էր 35 միլիոն եվրո, ապա հիմա այդ թիվը նվազել է՝ հասնելով 28.3-ի։ Նշենք, որ պանդեմիայի հետևանքով անկում են ապրել գրեթե բոլոր ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250