Նոր որակի ու ծավալների կանաչապատում Երեւանում

Սարալանջի շուրջ 12 հա տարածքի կանաչ գոտու վերականգնման սպասված նախագիծն իրագործելու համար այս օրերին ակտիվ աշխատանքներ են ընթանում. կառուցվում է ոռոգման համակարգը:

«Ոռոգման ցանցում ներառված է ջրավազան, որի մակերեսը կազմում է 24քմ, խորությունը՝ 2.20մ: Ամբողջովին բետոնային ավազան է լինելու»,-նշում է Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

«Կողքը լինելու է պոմպակայանը՝ երկու պոմպով, որից յուրաքանչյուրը կապահովի 10 մթնոլորտ-ճնշում: Կլինի նաեւ պահակակետ»,- ասում է շինարարական կազմակերպության ղեկավար Էդգար Աբրահամյանը:

«Պոմպակայանից 150 մմ խողովակներով բերվել է մայր գիծը, որից հետո 57 մմ խողովակներով կատարվում է ճյուղավորում: Այստեղից էլ ավելի փոքր՝ 25 մմ խողովակների: Տեղադրվելու են ցայտիչներ»,- նշում է աշխատանքների ղեկավար Արտակ Մուրադյանը:

Տարածքում կլինի կաթիլային ոռոգում, այսպես շատ ջուր կխնայվի, եւ ոռոգման արդյունավետությունը կբարձրանա: Համակարգի անցկացումից հետո տարածքը հնարավորինս կհարթեցվի, եւ արդեն աշնանը կմեկնարկի ծառատունկը:

«Այստեղ կիրառվելու են տարբեր մոթոդներ: Կլինեն մշտադալարներ, նաեւ թփեր՝ հողային շերտը պաշտպանելու համար, իսկ այն հատվածներում, որտեղ հնարավոր է, ուղղաձիգ կանաչապատում կլինի, նաեւ մագլցող ծառատեսակներ: Ընտրել ենք այնպես, որ սեզոնային հերթափոխով ծաղկում ունենանք: Այստեղի ճիշտ կանաչապատումը կնպաստի Երեւանի միկրոկլիմայի մեղմմանը»,-ասում է քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Գայանե Ներսիսյանը:

Երեւանի քաղաքապետարանը մտադիր է վերականգնել նաեւ Ծիծեռնակաբերդի անտառային գոտու համայնքապատկան տարածքները:

«Ծիծեռնակաբերդի ընդհանուր տարածքը մոտ 100 հա է, որից 8. 5 հա պատկանում է Երեւան համայնքին: 2019 թվականից նախաձեռնել ենք իրականացնել ծառատունկ: Այստեղ արդեն բջջաշիվային էտ է արվել, 100 մեքենայից ավելի շինաղբ տեղափոխվել: Պետք է նաեւ ոռոգման ցանց ունենանք այդտեղ»,- ընդգծում է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Ծիծեռնակաբերդի տարածքի ոռոգման համար նույնպես այժմ նոր ցանց է անցկացվում:

Քաղաքի կանաչ տարածքների վերականգնումը, խնամքն ու պահպանումը պետք է ունենա միասնական ձեռագիր: Երեւանի բնապահպանական խնդիրները լուծելու բեռն ու  քաղաքի կանաչապատումը քաղաքապետի նախաձեռնությամբ եւ ավագանու որոշմամբ վստահվեց առանձին կառույցի, ստեղծվեց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային հիմնարկը:

«Նախորդ տարի բավականին մեծ աշխատանք է իրականացվել, գույքագրվել են խնդիրները, որոնցից պարզ դարձավ, որ վարչական շրջաններին կից կանաչապատման ՓԲԸ-ներն արդյունավետ չէին աշխատում: Այդ էր պատճառը, որ որոշում կայացվեց ստեղծել համայնքային նոր հիմնարկ»,- նշում է Հրաչյա Սարգսյանը:

«Առաջնահերթ մեր անելիքը ոռոգման համակարգի արդիականացումն է: Պետք է քարտեզագրենք կանաչ գոտիներն ու ցուցաբերենք համակարգային մոտեցում՝ հիմնված ինովացիոն տեխնոլոգիաների եւ գիտական մտքի վրա»,-ասում է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն Արա Աղայանը:

Այս օրերին առաջնահերթ նորոգվում են կանաչապատման համար կենսական անհրաժեշտության ոռոգման համակարգերը:

«Մոտավորապես 65 կմ ոռոգման ցանց վթարային վիճակում է գտնվում: 2020 թվականին նախատեսում ենք վթարային խողովակները վերականգնել, որը թույլ կտա հետագայում ընդլայնել ցանցը: Փոքր ծավալով ունենք նաեւ ցանցի ընդլայնում: Նախատեսում ենք նաեւ ունենալ խորքային հորեր»,- հավելում է քաղաքապետի առաջին տեղակալը:

Այն տարածքները, որտեղ առայժմ ոռոգման ցանց չկա, ջուր կստանան «Երեւանի աղբահանություն եւ սանմաքրում» համայնքային հիմնարկի ջրատար մեքենաների միջոցով։ Իսկ ոռոգվող տարածքներն արդեն համալրվել են նոր բույսերով ու ծառերով:

Տնկվել է շուրջ 250.000 թուփ, 800 ծառ:

«Տնկել ենք սակուռաներ, սզնիներ, գնդաձեւ կատալպաներ, իլենիներ եւ մի շարք այլ ծառատեսակներ ու թփեր»,-ասում է «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի դենդրոլոգ Արծվին Գրիգորյանը:

Քաղաքային ջերմոցներից քաղաքի գեղագիտական տեսքը կապահովեն նաեւ ծաղկային ձեւավորումները, բայց ոչ մեծ ծավալներով.

Առողջ ու խնամված կանաչ տարածքներ ունենալու համար կանաչապատման հիմնարկը ձեռք է բերել նոր տեխնիկա, այդ թվում՝ 80 խոտհնձիչ, 60 տրիմեր, 10 եռակցման սարք, 10 էլեկտրագեներատոր:

Խոտհնձիչներն անցնում են առաջին փորձարկումը: Համայնքային հիմնարկի աշխատակիցների խոսքով այն մոտ 4 անգամ ավելի արդյունավետ է եւ խնայող:

Քաղաքի ծառերի առողջությամբ էլ կզբաղվի Հայաստանում առաջին ու առայժմ միակ սրսկիչ, բայց նաեւ բազմաֆունկցիոնալ նոր մեքենան: Այն կարող է մինչեւ 30մ հեռավորության փչել, նաեւ պտտվել 180 աստիճան:

Կանաչապատմամբ ու շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող համայնքային հիմնարկը տարածքների խնամքի համար առաջիկայում կառաջարկի նոր լուծումներ:

Նոր գաղափարներն իրագործելու համար համայնքային հիմնարկը քաղաքն ու բնությունը սիրող ու աշխատանք փնտրող քաղաքացիներին սիրով հրավիրում է համալրել իրենց մեծ թիմը: 2020-ին բնապահպանության ոլորտում քաղաքի անելիքները շատ են:

«ՀՈԱԿԻ միջոցով մենք նաեւ առաջին անգամ Հայաստանում ինստիտուցիոնալ մոտեցում պետք է ցուցաբերենք աղբի տեսակավորմանը»,-ընդգծում է Հրաչյա Սարգսյանը:

Այս տարի կբարեկարգվեն ու կկանաչապատվեն մի շարք այգի-պուրակներ, կվերականգնվեն կանաչ գոտիներ: Համայնքային իշխանությունն ակնկալում է նաեւ քաղաքացիների աջակցությունը՝ խնամքով վերաբերվել ու պահպանել կանաչ տարածքները, որպեսզի այսօր արվող աշխատանքի արդյունքներն առաջիկա տարիներին գեղագիտական հաճույք ու բարվոք միջավայր ապահովեն քաղաքի բնակիչների եւ հյուրերի համար:

Քաղաքականություն

Պատահարներ