Հայաստանի ՊՆ-ն ալկnհnլային խմիչքներ, արծաթյա ճարմանդներ, ժամացույցներ է գնել պետբյուջեի հաշվին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերին բավականաչափ գնումներ է կատարել պետբյուջեի հաշվին, սակայն կատարված գնումներից ուշադրություն են գրավել հատկապես օղիների և արծաթյա ճարմանդների գնումները։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։


«Այսպես, հոկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ-ն ձեռք է բերել 250 հատ պատվոպահակային վաշտի ծառայողական կրծքանշան՝ վճարելով 187.500 դրամ։ Նշենք, որ կրծքանշանները ձեռք են բերվել «Էմիլ Գրիգորյանի անվան Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ից։


Հաջորդիվ ՊՆ-ն գնել է 8 ծաղկեփունջ, որի համար վճարվել է 96.000 դրամ։ Ծաղկեփնջերը ձեռք են բերվել «Մեգա Սթար» ՓԲԸ-ից։


Պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 10-ին «AWI» ՍՊԸ-ից գնել է տղամարդու ձեռքի «1444 S» տեսակի ժամացույց՝ 2 հատ։ Համացանցում առկա տեղեկատվության համաձայն՝ այս ժամացույցների մեխանիզմները շվեյցարական են, որոնց համար վճարվել է 120.000 դրամ։


Նույն օրը գերատեսչությունը «Ընծայ» ՍՊԸ-ից գնել է «Որոգայթ փառաց» գիրքը՝ փափուկ կազմով, 145.000 դրամով։


Հոկտեմբերի 10-ին գերատեսչությունը «Արտէքսիմ» ՍՊԸ-ից գնել է 6 օղի և 3 գինի։ Նախարարությունը ՍՊԸ-ից գնել է 6 հատ «Չիստիե Ռոսի» տեսակի օղի և 3 հատ «Զորահ Հերիթեջ Սիրենի» տեսակի կարմիր գինի։ Օղիների և գինիների համար ընդհանուր վճարվել է 121.830 դրամ։


Նշենք, որ «Արտէքսիմ» ՍՊԸ-ն, որը մատակարարում է տարբեր ալկոհոլային խմիչքներ, պետական գնումների համակարգում գործում է դեռևս 2016 թվականից։ ՍՊԸ-ից գնումներ են կատարում Դատական դեպարտամենտը, ՀՀ ազգային ժողովը, Էկոպարեկային ծառայությունը, Հայաստանի Հանրային ռադիոընկերությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ ԱԳՆ-ն և այլ գերատեսչություններ։


Այսքանով ալկոհոլային խմիչքների գնումները չեն ավարտվում։ Հոկտեմբերի 14-ին ՊՆ-ն նույն ՍՊԸ-ից ձեռք է բերել 1 հատ սալորի թունդ ալկոհոլային խմիչք «Արալեզ» և 4 հատ վայրի տանձի համով «Արալեզ» օղի։ Այս գնումների համար պետբյուջեից հատկացվել է 98.500 դրամ։


Նույն օրը «Մեգերյան Կարպետ» ԲԲԸ-ից ձեռք է բերվել 2 հատ արծաթյա ճարմանդ։ Ճարմանդների համար վճարվել է 92.000 դրամ։


Այսպիսով, այս բոլոր գնումների համար պետբյուջեից ծախսվել է 860.830 դրամ, և սա ընդամենը կատարված գնումների մի մասն է։ Ստացվում է, որ պետբյուջեից պարբերաբար գումար է հատկացնում ալկոհոլային խմիչքների և արծաթյա ճարմանդների համար։


Փաստորեն՝ ՊՆ-ն կարող է արծաթյա իրեր գնել՝ դա հանցանք չէ, իսկ եկեղեցիներում ու այլ քաղաքացիների բնակարաններում հայտնաբերված ոսկյա զարդերը հանցավոր են. առնվազն քարոզչական դաշտում այդպես է փորձ արվում ներկայացնել»,- գրել է թերթը: 

Քաղաքականություն