Հիվանդասենյակներից մեկում գտան իրենց փնտրած անձնավորությանը և հարձակում գործեցին արդեն հիվանդի վրա․ Գավառի ԲԿ-ի բաժնի վարիչ

Գտնվում էի հիվանդանոցում՝ իմ աշխատասենյակում, զբաղված էի իմ գործերով, երբ որ ընդունարանիս հերթապահ բժիշկը զանգ տվեց եւ տեղեկացրեց, որ ընդունել ենք հրազենային վնասվածքներով հիվանդներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գավառի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժնի վարիչ Արամ Ավետիսյանը: Գրում է News.am-ը։ 

 

«Իջել ենք, կազմակերպել ենք հիվանդների առաջին բուժօգնությունը՝ հետազոտել եւ այլն, զբաղվել ենք հիվանդներով, այդ ընթացքում հակառակորդ կողմերից մեկի հարազատները, ճեղքելով ոստիկանության պատնեշը, մտել են հիվանդանոց եւ սկսել են դռները, պատուհանները կոտրելով ման գալ էն մյուս կողմի ժողովրդին, որպեսզի ինչ-որ վրեժ լուծեն»:

Բոլոր վիրավորների վիճակը, ըստ Ավետիսյանի, գնահատվել է որպես ծանր՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներով, բազմաթիվ կոտրվածքներով. «Տարբեր հատվածների կոտրվածքներ, տարբեր հատվածների հրազենային վնասվածքներ: Ունեցել ենք երկու զոհ, որոնք նույնպես տեղափոխվել են հիվանդանոց, բայց գրանցվել է կենսաբանական մահ», - ասաց բժիշկը:

Ավետիսյանի փոխանցմամբ՝ ոստիկանական ուժերը ժամանել են անմիջապես հիվանդներին ընդունելուց հետո: Նա դժվարացավ նշել, թե քանի ոստիկան էր ժամանել, «բայց շատ էին»:

Հիվանդանոց ներխուժած անձինք, ըստ նրա, «ինչից հետո հեռացան՝ երբ որ հիվանդասենյակներից մեկում գտան իրենց փնտրած անձնավորությանը եւ արդեն հիվանդասենյակում հարձակում գործեցին արդեն հիվանդի վրա, դրանից հետո իրենց կամքով հեռացան հիվանդանոցից»:

«Այստեղ գտնվող վիրավորներին հասցրել են ծակած-կտրած վերքեր՝ մարմնի տարբեր հատվածների, ընթացքում նաեւ՝ սալջարդ վերքեր, հրմշտոց, եւ այլն, եւ այլն», - ասաց Արամ Ավետիսյանը:

 

«Մահ գրանցվել է երկու հոգի հիվանդանոցում՝ երկուսն էլ ունեցել ենք արդեն դրսում, ոչ թե հիվանդանոցում մահ: Դրսում մահ ենք ունեցել՝ երկու հոգի, բերել են հիվանդանոց, արդեն գրանցվել է, մեր մասնագետների կողմից, գրանցվել է կլինիկական մահ: Իսկ հարձակված մարդկանց, ում վրա որ հարձակում են գործել, մահ չի եղել», - փոխանցեց բժիշկը՝ հավելելով, որ նրանք տեղափոխվել են Երեւան ծայրահեղ ծանր վիճակում:

 

Վիրավորվել է նաեւ հիվանդասենյակում վիրավորի հետ գտնվող խնամողը, ասաց Ավետիսյանը: «Առաջին օգնություն մեր մոտ է ցուցաբերվել, վիրահատվել է մեր մոտ, նոր տեղափոխվել է Երեւան: Վիճակը ծանր է, ծայրահեղ ծանր», - նշեց վիրաբուժական բաժնի վարիչը:

Հիվանդանոցի բուժանձնակազմից վիրավորվածներ, տուժածներ չկան:

Հիվանդանոց ներխուժածների մոտավոր թվի մասին Արամ Ավետիսյանն ասաց. «Շատ էին: Մոտավորապես՝ հարյուրներ, մի քանի հարյուրներ»:

 

Քաղաքականություն