Քաղաքականություն

Աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է. Նիկոլ Փաշինյան

WRed 291 դիտում
Աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների ընթացքը:

 

Մինչ քննարկմանն անցնելը վարչապետն անդրադարձել է աղբահանության և աղբի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման կարևորությանը՝ նշելով. «Ակնհայտ է, որ աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է: Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր, ըստ էության, ցավոք, եթե մի փոքր պատկերավոր ասենք, աղբի շերտի տակ է և առիթ ունեցել եմ խոսելու նաև այն մասին, որ աղբի նկատմամբ հանդուրժողականության որոշակի վերաբերմունք է դրսևորվել: Իհարկե, սա լուրջ խնդիր է, որը լուծելու ուղիները մենք պետք է գտնենք: Բայց եթե մի պահ այսօրվա իրավիճակով պատկերացնենք, որ մեր կենսական միջավայրում աղբի նկատմամբ 100 տոկոս անհանդուրժողական վերաբերմունք է ձևավորված, այսօրվա մեր համակարգի ամենամեծ խնդիրն այն է, որ մենք ուղղակի աղբը Ա կետից տեղափոխում ենք Բ կետ:

 

Այսինքն՝ մենք կարող ենք այսօր ունենալ իրավիճակներ, երբ մեր բնակավայրերը մաքուր, կատարյալ վիճակում լինեն, բայց սա դեռևս չի նշանակում, որ մենք խնդիրը  լուծել ենք, որովհետև այսօրվա մեր համակարգով աղբը Ա կետից տեղափոխում ենք Բ կետ, իսկ ի՞նչ է տեղի ունենում Բ կետում այդ աղբի հետ, դա իր հերթին բերում է լուրջ խնդիրներ: Այսօրվա մեր ռազմավարական քննարկման ամենակարևոր խնդիրներից մեկը հենց դա է, թե մենք հետո ինչ ենք անելու այդ աղբը:

 

Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհում, նաև երկրի քաղաքակրթության մակարդակի կարևոր ցուցիչներից մեկն այն է, թե ինչպես են վարվում աղբի հետ, ինչպես է կառավարվում աղբը, որովհետև աղբ բառը հասկանալիորեն շատ նեգատիվ բովանդակություն ունի, բայց նաև ժամանակակից աշխարհում շատ լուրջ ռեսուրս է, և  այդ ռեսուրսն  արդյունք է ստեղծում, բարեկեցություն է ստեղծում, տնտեսության մեջ որոշակի դերակատարում է ձեռք բերում, համախառն ներքին արդյունք է դառնում և այսպես շարունակ: Մենք այս ուղղությամբ պետք է մտածենք, և, ըստ էության, սա նոր աշխատանք չէ Հայաստանի Հանրապետությունում. այդ աշխատանքն արդեն բավական երկար ժամանակ արվում է, տեղ-տեղ ունենք փոքր տեղային արդյունքներ, բայց ընդհանուր առմամբ այս խնդիրները պետք է երկարաժամկետ առումով հաղթահարելու ձևերը գտնենք»:

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ աղբահանության ռազմավարության մշակման աշխատանքներն իրականացնում է վարչապետի որոշմամբ ձևավորված աշխատանքային խումբը, հիմնական նպատակը հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման, տեսակավորման և վերամշակման գործուն համակարգի ձևավորումն է:

 

Քննարկումը ծավալվել է Հայաստանում աղբահանության ոլորտում առկա իրավիճակի, աղբահանության և կոշտ թափոնների կառավարման հիմնական ուղղությունների ու սկզբունքների, ոլորտում իրականացված, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի, աղբի վերամշակման հնարավոր տարբերակների և մեխանիզմների, այդ ուղղությամբ ներկայում հանրապետությունում գործունեություն ծավալող ընկերությունների աշխատանքի, աղբահանության համակարգի ինստիտուցիոնալ  և օրենսդրական դաշտի կատարելագործման հարցերի շուրջ:

 

Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է աղբի հավաքման, կառավարման և վերամշակման լիարժեք շղթայի ձևավորումը և, ի թիվս մի շարք այլ անելիքների, հանձնարարել աշխատանքներ տանել աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների գործունեությունը խթանելու ուղղությամբ:

 

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել ռազմավարության մշակման աշխատանքները, սեղմ ժամկետում վերջնական տեսքի բերել փաստաթուղթը և ներկայացնել աղբահանության համակարգի համապարփակ ռազմավարություն՝ միջոցառումների ծրագրով և իրականացման հստակ ժամանակացույցով: Կառավարության ղեկավարը նաև պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է ռազմավարությունների ստանդարտացման և այդ նպատակով համապատասխան չափանիշների մշակման վրա՝ տալով համապատասխան հանձնարարական:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250