ԿԳՄՍ նախարարությունն ու ՊԵԿ-ը առաջարկում են կրճատել իրենց սպասարկող ավտոմեքենաների թիվը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը առաջարկում է նախարարությանը սպասարկող 11 ավտոմեքենաներից 3-ը հետ վերցնել եւ ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով:
Հարցը ներառված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
«TOYOTA LC PRADO», «TOYOTA CAMRY» եւ «HYUNDAI AZERA» ավտոմեքենաների շարժիչների աշխատանքային ծավալներից եւ մաշվածությունից ելնելով՝ ԿԳՄՍ նախարարության համար վերջիններիս շահագործումն ու սպասարկումը բավականին ծախսատար է ու ոչ նպատակահարմար:
Բացի ԿԳՄՍՆ-ից՝ կառավարության նիստի օրակարգում ներառված է նաեւ ՊԵԿ-ի կողմից 20 ավտոմեքենա Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու հարցը: Ծառայողական ավտոմեքենաների շահագործման հետ կապված ծախսերի նվազեցման, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի մարմինների ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացի շրջանակներում նախատեսվում է կրճատել ՊԵԿ-ին ամրացված տրանսպորտային միջոցների քանակը: