Ներողություն եմ խնդրում կալանավոր Վահե Մելոյանի կնոջից. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«105 օր հացադուլի մեջ
Կալանավոր Վահե Մելոյանը, ով չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ է: Հիմա ես չեմ ուզում քննարկել այն վարկածները, որ 100 և ավելի օր հնարավոր չէ լինել հացադուլի մեջ և Վահեն երբեմն-շաքարաջուր է խմել: Այս պահին դա անգամ էական էլ չէ:
Ես և իմ գործընկերները այցելել ենք դատապարտյալների հիվանդանոց և հանդիպել ենք Վահեին:
Զրույց, բնականաբար, չստացվեց, որովհետև Վահեն գրեթե չէր կարողանում արձագանքել մեր հարցերին: Բոլոր մեր հորդորները` դադարեցնել հացադուլը և իր իրավունքները պաշտպանել դատարանում` անիմաստ էին: Վահեն հրաժարարվում է դադարեցնել հացադուլը և հաստատ չի դադարեցնելու: Հիմա դիմում եմ Քրեակատարողական ծառայությանը, նման դեպքերում նախատեսված է հստակ ընթացակարգ` դատապարտյալին կամ կալանավորին բժշկական միջամտությամբ ծայրահեղ վիճակից հանելու: Այո, հակադիր կերակրումը այլևս չեն կիրառում, դա համարելով խոշտանգման տեսակ, սակայն կան այլ միջամտություններ, որ այլևս անհապաղ պետք է արվեն:
Ինչի եմ սա ասում: Որովհետեւ վաղը կարող է ուշ լինել, ինչպես ուշ եղավ լրագրող Մհեր Եղիազարյանի դեպքում:
Իսկ Վահեի կնոջից ներողություն եմ խնդրում, որ չկարողացա Վահեին համոզել` դադարեցնելու հացադուլը»: