Քաղաքականություն

Հատուկ ուշադրություն դարձրեք հյուրանոցների սանիտարական վիճակին․ ԱԱՏՄ հորդորը

WRed 222 դիտում
Հատուկ ուշադրություն դարձրեք հյուրանոցների սանիտարական վիճակին․ ԱԱՏՄ հորդորը

Ամանորին ընդառաջ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում այցելուների մեծ ներհոսքը նկատի առնելով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել սանիտարահամաճարակային անվտանգության օրենսդրության պահանջների ու նորմերի ճիշտ կիրառումը՝ անձնակազմի և այցելուների առողջության պահպանման նպատակով։ Դրանց պահպանումը թույլ կտա կանխել վարակների տարածումը և հանգիստը լիարժեք անցկացնել։

Միաժամանակ, իրազեկելու նպատակով քաղաքացիների ուշադրությունն են հրավիրում հյուրանոցներում սանիտարական և հիգիենիկ պատշաճ վիճակին առնչվող մի շարք նորմերի վրա։

ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարական և համաճարակաբանական նորմերի ու կանոնների պահանջների համաձայն, մասնավորապես, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում պարտադիր պետք է առկա լինեն առաջին բուժօգնության արկղիկներ:

• Ծխելը չարգելող սրահներում պետք է անխափան գործի օդափոխիչ համակարգը,
• Օրական մեկ անգամ պետք է իրականացվի սենյակների մաքրում,
• Անկողնային սպիտակեղենը պետք է փոխվի ոչ պակաս, քան շաբաթը 2 անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` ավելի հաճախ,
• Կենցաղային աղբը պետք է կուտակվի կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղերում տեղադրված պոլիէթիլենային տոպրակներում,
• Հյուրանոցային համարներում սրբիչները պետք է փոխվեն ամեն օր,
• Յուրաքանչյուր զուգարանակոնքին կից պետք է տեղադրված լինի մաքրման խոզանակ` ախտահանիչ լուծույթով տարայում։

Հյուրանոցային օբյեկտներում մի շարք վարակների տարածման ամենահավանական հատվածներից են լողավազաններն ու բաղնիքները։ Այս առումով ԱԱՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է պահպանել սանիտարական և համաճարակաբանական նորմերը, մասնավորապես, լողավազանների թույլատրելի միանվագ ծանրաբեռնվածությանը։

• Ավազանի ջուրը պարտադիր պետք է վարակազերծված լինի,
• Մեծահասակների լողավազանում ջրի ջերմաստիճանը 24-260C պետք է լինի, երեխաների ավազանում՝ 30,
• Մեծահասակների լողավազաններում 1 մարդուն անհրաժեշտ ջրի հայելու նորմատիվ մակերեսը 5,0-8,0 մ2 է, երեխաներինը՝ 4,0- 5,0 մ2,
• Ավազանի ջրի վերին աղտոտված շերտի հեռացման համար ավազանի պատերին պետք է լինեն ջրահեռացման ջրհորդաններ,
• Լողավազանի (բաղնիքի) ցնցուղարան ու դահլիճ արգելվում է մտնել հագուստով, կոշիկներով, իսկ ավազան` առանց ցնցուղ ընդունելու,
• Լողավազանում (բաղնիքում) պետք է հաճախորդներին տրվեն միայն միանվագ օգտագործման հողաթափեր և անհատական օգտագործման, փաթեթավորված հիգիենիկ պարագաներ` օճառ, սպունգ, սպիտակեղեն և այլն,
• Լողավազանի բուժշխատողը պարտադիր ամեն օր արտաքին զննություն պետք է իրականացնի՝ միկոզի և այլ մաշկային վարակիչ հիվանդությունների ախտանիշերով անձանց լողավազանից օգտվելը չթույլատրելու համար,
• Լողավազան հաճախող նախադպրոցական և ցածր դպրոցական հասակի երեխաները պարտադիր պարբերաբար պետք է հետազոտվեն էնտերոբիոզի նկատմամբ,
• Լողավազանների, բաղնիքների միկրոկլիման պետք է ստուգվի 4 ժամը 1 անգամ։

Խնդիրների հայտնաբերման կամ անհանգստացնող հարցերը պարզաբանելու համար հարկ է դիմել հյուրանոցի տնօրինությանը։

Հիշեցնում ենք՝ տնտեսվարողը պարտավոր է հետևել օբյեկտի լուսավորությանը, օդափոխությանը, ջեռուցմանը, միկրոկլիմային, աղմուկին, գույքի շահագործմանը և սանիտարական ռեժիմին ներկայացվող պահանջներին։

Հյուրանոցային տնտեսություններում սանիտարական և համաճարակաբանական նորմերի ու կանոնների պահանջների հնարավոր խախտումները կանխելը տնտեսվարողներին հնարավորություն կտա խուսափել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցների կիրառումից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250