Մեծամորի ատոմակայանի «վտանգավորության» հարցը բարձրացվել է Թուրքիայի մեջլիսում
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազը Մեծամորի ատոմակայանի հետ կապված հարցադիմում է ուղղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային: Յավուզյըլմազը պահանջել է պատասխանել, թե Թուրքիան իր սահմանին շատ մոտ գտնվող ատոմակայանի հարցում ինչ կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել միջազգային ասպարեզում և ինչ նախաձեռնություններով է հանդես եկել, ermenihaber-ը։
Թուրքիայի փոխնախագահը հարցին պատասխանելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար դիմել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին, ապա ներկայացրել ԱԳՆից ստացված ստացված պատասխանը: Դրանում նշվել է, որ Մեծամորի ատոմակայանը չի համապատասխանում ժամանակակից անվտանգության պահանջներին:
Թուրքիայի արտաքին գերատեսչության պատասխանում նշվել է, որ ատոմակայանը վերահսկվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (հապավումը՝ ԱՏԷՄԻԳ) կողմից, որը ատոմակայանի վերագործարկման օրվանից սկսած ատոմակայանի կառուցվածքային թերություններից բխող անվտանգության խնդիրները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ է տանում:
Շեշտվել է, որ Թուրքիան ատոմակայանը փակելու նախաձեռնությամբ հանդես գալ չի կարող, քանի որ որևէ ատոմակայան փակելու իրավասությունը բացառապես տվյալ երկրին է պատկանում:
Պատասխանում, սակայն, ներկայացված են Թուրքիայի կողմից միջազգային ասպարեզում Մեծամորի ատոմակայանի դեմ արված որոշ նախաձեռնություններ:
«Ատոմային անվտանգության կոնվենցիայի վերանայման ժողովների ժամանակ Թուրքիան ներկայացրել է, որ ատոմակայանը, որը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ բնական աղետներ են լինում, տեղակայված է Թուրքիայի տարածքին շատ մոտ և աշխատում է հին տեխնոլոգիաներով, ռիսկի գործոն է ամբողջ տարածաշրջանի համար»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդման մեջ: