Ես տեղեկացրի, որ կներկայանամ բաժանմունք, բայց ինձ բերման ենթարկեցին. Ափոյանը մանրամասնում է

«Նման ձևով, առավել եւս ԵՊՀ-ի ուսանողին, առավել եւս ՈՒԽ ներկայացուցչին, չպետք է բերման ենթարկեն, դա արել են անօրինական կերպով»,-այս մասին լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը՝ նշելով, որ իր փաստաբանի հետ կվիճարկեն այդ որոշումը:

 

Հիշեցնենք՝ այսօր կեսօրին Դավիթ Ափոյանը բերման էր ենթարկվել մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում: Նա վկայի կարգավիճակ ունի:

 

Լրագրողների հետ զրույցում Ափոյանը մանրամասնեց. «Իրավապահ մարմնի ներկայացուցիչները բարձրանում են իմ սենյակ, ներկայացնում են հիմքերը, շատ նոսր են ներկայացնում, ինչ-որ մեկին ճանաչելու մասին հարցեր տալիս, ես ասում եմ, որ պատրաստակամ եմ, եթե օրենքի պահանջով պիտի ներկայանամ, խնդիր չկա, բայց պահանջում եմ ծանուցում կամ որեւէ իրավական հիմք, ինչը չի ներկայացվում:  Զանգահարում եմ փաստաբանիս եւ փորձում եմ խորհրդատվություն ստանալ: Մինչ դա  ինձ հարցեր են տալիս ՈՒԽ-ի հետ կապ ունեցող ինչ-որ երկրորդական-երրորդական կարեւորության անձի մասին, ես էլ ասում եմ, որ չեմ ճանաչում, ՈՒԽ-ում հարյուրավոր ուսանողներ կան, բոլորի մասին ինֆորմացիա չես կարող ունենալ, բոլորին ճանաչել չես կարող»:

 

Ափոյանի խոսքով՝ որոշ ժամանակ անց իրավապահ մարմնի ներկայացուցիչը դուրս է գալիս իր աշխատասենյակից եւ վերադառնալով՝ ասում, որ իրեն պիտի բերման ենթարկեն. «Դա ինձ համար տարօրինակ էր, ասացի՝ որոշման օրինակ ցույց տվեք: Փաստաբանս էլ ասաց՝ կգնանք, ժամը երկուսին կներկայանանք: Ես տեղեկացրի, որ կներկայանամ եւ հետաքրքրող հարցերին կպատասխանեմ, բայց  ինչպես տեսաք՝ ինձ բերման ենթարկեցին»:

Ափոյանը նշեց, որ դա իր համար վիրավորական վարքագիծ էր. «Հատկապես այն պարագայում, երբ ես պատրաստակամություն եմ հայտնում, ասում եմ, որ կգամ, կներկայանամ, բայց քանի որ օրենքի հետ էր կապված, ես պիտի փաստաբանի հետ գնայի»:

 

ՈՒԽ նախագահն ընդգծեց, որ ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքը եղել է ԵՊՀ-ի ներսում։

 

Քաղաքականություն