Տղան անչափահաս աղջկանից 4 միլիոնի ոսկյա զարդեր է շորթել

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է անչափահաս աղջկանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրի քաղաքի բնակիչը՝ ծնված 1999 թվականին, համաքաղաքացի, 2004թ. ծնված աղջկա և  վերջինիս ընտանիքի կողմից օգտագործվող  գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու դիտավորությամբ, նրա մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2019 թվականի փետրվար ամսից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 4.275.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր և կանխիկ գումար:

Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ երիտասարդը, իր անձնական օգտագործման բջջային հեռախոսահամարի «Վայբեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով, ծանոթություն հաստատելու նպատակով, հաղորդագրություն է ուղարկել 14-ամյա աղջկա հեռախոսահամարի «Վայբեր» հեռահաղորդակցման հավելվածին և սկսել հեռախոսային խոսակցությունների և հանդիպումների միջոցով շփվել նրա հետ, այնուհետև խնդրել իրեն օգնել գումարով՝ հետագայում հետ վերադարձնելու պայմանով:

Աղջիկը չի մերժել երիտասարդի խնդրանքը. վերջինիս պահանջով լուսանկարելով իրեն պատկանող ոսկյա շղթան և ոսկյա կախազարդը՝ ուղարկել նրան և հաջորդ օրը տվել նախօրոք խոստացված և իրեն պատկանող հիշյալ զարդերը, իսկ մի քանի օր անց, դարձյալ երիտասարդի խնդրանքով, նաև կանխիկ գումար:

Բացի այդ, պարզվել է նաև, որ երիտասարդը 2019 թվականի մարտ ամսին կրկին զանգահարել և անչափահաս աղջկանից պահանջել է գումար կամ ոսկյա զարդեր, սակայն, ստանալով մերժում, սպառնացել է վերջինիս, թե նախապես վերցրած ոսկյա զարդերի լուսանկարները կուղարկի նրա հորը՝ այդ կերպ, սպառնալինքների ներքո, պահանջելով տարբեր ժամանակահատվածներում ստանալով աղջկա ընտանիքին պատկանող տարբեր տեսակի ոսկյա զարդեր:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2019 թվականի մայիս ամսին երիտասարդն աղջկան խնդրել է ուղարկել իր կիսամերկ լուսանկարները: Երիտասարդը, իր «Վայբեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով նշված լուսանկարներն ստանալով, մի քանի օր անց զանգահարել և աղջկանից կրկին պահանջել է ոսկյա զարդեր կամ գումար՝ սպառնալով հակառակ դեպքում նրա կիսամերկ լուսանկարներն ուղարկել վերջինիս  հորը և տարածել՝ արդյունքում, սպառնալիքների ներքո, ստանալով ևս 30.000 ՀՀ դրամ գումար և տարբեր տեսակի ոսկյա զարդեր:

Այսպիսով, քննության տվյալներով, 20-ամյա երիտասարդն ընդհանուր առմամբ, շորթման եղանակով, անչափահաս աղջկանից պահանջել և ստացել է 4.275.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր և 30.000 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է հափշտակված ոսկյա զարդերի մի մասը՝ 1 835 000 ՀՀ դրամի չափով, որն ի պահ է հանձնվել ՀՀ կենտրոնական բանկին:

Քննիչի որոշմամբ՝ կալանք է դրվել 20-ամյա երիտասարդին սեփականության և համասեփականության իրավունքով պատկանող գույքի վրա:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Քաղաքականություն