Կոտայքի մարզի շուրջ 5 համայնքի սպասարկում է մեկ տրանսպորտ. բնակիչները երթուղու խնդիր ունեն

‹‹Գուցե չպատկերացնեք, բայց ժամեր են տևում գյուղից գյուղ հասնելը, Երևան հասնելու մասին էլ խոսք չկա, օր կա կարողանում ես ժամանակին հասնել, օր էլ կա ստիպված ուշանում ես››,- Auroranews.am-ին պատմեց Լուսակերտ գյուղի բնակիչ Կարինե Գևորգյանը:  


Տիկին Գևորգյանը  ապրում է Կոտայքի մարզի Լուսակերտ գյուղում, սակայն աշխատում նույն մարզի Քարաշամբ գյուղում: Բնակչուհին պատմում է, որ արդեն երկար ժամանակ է ինչ չի լուծվում գյուղերում սպասարկող երթուղայինի հարցը և աշխատանքի հասնելը գյուղացիների համար դարձել  է լուրջ խնդիր, քանի որ տրանսպորտ չկա և ստիպված տաքսիներով են երթևեկում: 


‹‹Գյուղը սպասարկում է միայն մեկ տրանսպորտ`  թիվ 253 համարի միկրովտոբուսը, որը օրվա մեջ գյուղացիներին սպասարկում է ընդամենը 4 անգամ,  սակայն նրա մեր գյուղ մտնելը անգամ անիմաստ է դառնում քանի որ մինչև մեր գյուղ հասնելը նույն 253 համարի միկրովտոբուսը անցնում է 3 գյուղով: Երբ հասնում է մեզ արդեն տեղ չկա, ստիպված աշխատանքից չուշանալու համար տաքսիներով ենք գնում: Իսկ ուսանողների խնդիրը ավելի մեծ է, երբ տանից դուրս են գալիս վստահ չեն կկարողանան հասնել Երևան՝ դասի, թե ոչ››,- պատմում է Կարինե Գևորգյանը: 


Խնդրին տեղեկանալու համար Auroranews.am-ը զանգահարեց  Քարաշամբ գյուղի համայնքապետարան, որտեղից մեզ պատասխանեց աշխատակազմի քարտուղար Արման Սմբատյանը:    


Սմբատյանը չհերքեց, որ ինչպես Քարաշամբ համայնքին, այնպես էլ Լուսակերտ և Թեղենիք համայնքներին սպասարկում է միայն այդ 253 համարի երթուղին, ինչպես նաև չհերքեց այն, որ երթուղին  աշխատում է օրը 4 անգամ: Սմբատյանն ասաց, որ հիմնական խնդիրը կապված է վարորդների հետ. 


‹‹Շատ են բողոքում, որ երբեմն մտնում են գյուղեր ու  դատարկ դուրս գալիս, ասում են անիմաստ գազ ենք ծախսում։ Իրենց էլ կարելի է հասկանալ,  գյուղերի բնակչությունը բավականին քիչ է, երթուղայինի ժամերն էլ անհարմա։ Ցերեկվա ընթացքում հիմնականում շարժ չի լինում, իսկ առավոտյան և երեկոյան, իհարկե, մարդիկ ավելի շատ են: Բաց խնդրի լուծման հարցում համայնքը որևէ գործ չի կարող անել››,- ասաց Սմբատյանը: 


Արման Սմբատյանը նաև տեղեկացրեց, որ  համայնքապետարանը դիմել է  Կոտայքի մարզպետարան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և խնդրի մասին տեղյակ պահել: 


Մեր հարցին՝ կա՞ն կոնկրետ առաջարկներ կամ ստացված պատասխաններ նախարության կամ մազրպետարանի կողմից պարոն Սմբատյանը նշեց, որ բոլոր դիմումներն ու պատասխանները եղել են գրավոր կերպով և հիմա կոնկրետ չի հիշում, թե ինչ պատասխան են ստացել:  
Երբ խնդրեցինք հստակեցնել և թեկուզ ստացված գրավոր պատասխանը սոցցանցով ուղարկել, պարոն Սմբատյանը  ժամանակ խնդրեց, որպեսզի գտնի ստացված տվյալները և խնդրեց զանգահարել մեկ օրից:  Հաջորդ օրը զանգահարելով նույն հեռախոսհամարին մեզ պատասխանեց արդեն Քարաշամբ գյուղի համայնքապետ Զորիկ Խլղաթյանը: Երբ համայնքապետին  տեղեկացրինք զանգի նպատակի և մեզ խոստացված պատասխանների մասին, համայնքապետը մասամբ հերքեց այն, ինչ ասել էր համայքնի աշխատակազմի քարտուղարը:  


Ըստ համայնքապետի չի եղել որևէ գրավոր դիմում նախարարությանը կամ մարզպետարանին, բայց եղել է  խորհրդակցություն Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, որը ըստ համայնքապետի քաջատեղյակ է խնդրին:  


Համայնքապետը պատմեց, որ իրականում խնդիրը ավելի լուրջ է,  իրենց գյուղը միջանկյալ գյուղ է, և ըստ նախնական տվյալների  տրանսպորտը Բջնիից գալիս է և անցնում Արգել գյուղ, հետո Թեղենիք, հետո Քարաշամբ, իսկ հետո Լուսակերտ: 
Մեզ հետ զրույցում համայքնապետը նշեց, որ Քարաշամբի և Թեղենիքի համայնքապետեր խնդրել են , որ երթուղին գոնե առավոտյան մեկ անգամ մտնի  հարակից Թեղենիք համայնք, որպեսզի ուսանողներին տանի Երևան:  


«Խնդրել ենք  որ երթուղին մտնի նաև Թեղենիք, մեղք են մարդիկ, հնարավորություն չկա անգամ, որ ուսանողները դասի գնան»,- ասաց պարոն Խլղաթյանը: Մեր հարցին՝ ո՞նց են գյուղ վերադառնալու ուսանողները դասից հետո նա չտվեց կոնկրետ պատասխան: 
Խնդրի մասին զրուցեցինք  ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Կարապետյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է լսում  այս մասին, քանի որ այսքան ժամանակ որևէ գրավոր դիմում չի եղել:  


‹‹Թիվ 523 համարի երթուղին ունի հստակ գրաֆիկ և ըստ գրաֆիկի պետք է աշխատի և սպասարկի այն համայքներին, որոնք սպասարկել է նախկինում կամ որոնց համար ունի կնքած պայմանագիր: Եթե կա սահմանված  երթ, բայց փոխադրողը կամայականորեն քիչ է սպասարկում, այդ պարագայում տվյալ եթուղին պետք է բացահայտել և ենթակել վարչական տույժի››,- ասաց Կարապետյանը:  


Անդրադառնալով Թեղենիք համայնքի խնդրին Կարապետյանը նշեց, որ առաջին անգամ է լսում, որ համայնքապետերի խնդրանքով երթուղին կարող է մտնել գյուղ առավոտյան մեկ անգամ:  


‹‹Հնարավորինս շուտ կզբաղվենք այս հարցով, բայց լավ կլինի եթե համայնքները գրավոր դիմում ներկայացնեն նախարարություն, որից հետո վստահ եմ քննարկումների շնորհիվ կգտնվի համայնքների համար նպաստավոր լուծում ››,- հավելեց Արման Կարապետյանը:  

 

Ջեմմա Սարդարյան 
 

Քաղաքականություն

Պատահարներ