
Հայաստանի մարզերում դաբաղը գլուխ է բարձրացրել․ Պապոյանը հերքում է՝ ֆերմերները պնդում

ՀՀ տարբեր մարզերի ֆերմերներ ահազանգում են՝ դաբաղ վարակը գլուխ է բարձրացրել մարզերում: Ըստ ֆերմերների՝ ամենը սկսվել է դեռ ամռանը Շիրակի մարզից և այժմ տարածվել այլ մարզերում:
MediaHub-ի զրուցակից ֆերմեր Վրույր Այվազյանը նշել է, որ ամեն տարի դաբաղ հիվանդությունը տարածվում է հայ-թուրքական սահմանից:
«Այս տարի դաբաղ հիվանդությունը տարածվել է Շիրակ մարզից. գրեթե ամբողջ Լոռու մարզում տարածված է, Շիրակում ամբողջությամբ, Տավուշում, և այլ մարզերում: Սա ոչ պաշտոնական տեղեկություն է, մենք՝ ֆերմերներս, իրար ենք ահազանգում, շատ վատ վիճակ է ՀՀ-ում. համայնքապետերը տեղյակ են, նախարարությունը տեղյակ է, վարչական ղեկավարները տեղյակ են: Նախարարությունը պետք է արդեն հանձնաժողով ստեղծեր, համայնք առ համայնք ստուգեին, հետաքննեին, տեսնեին՝ քանի՞ կորուստ կա»,- նշել է նա։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով դաբաղի տարածվածության մասին ֆերմերների ահազանգերի վերաբերյալ հարցին ասել է
Մենք պարզապես իրականացնում ենք միջոցառումներ և շատ լավ ենք իրականացնում, էդպիսի բան չկա։ Հարևան երկրներում կա, իսկ մենք հիմա վակցիանացի ենք անում»,- ասել է նա։
Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի՝ դաբաղ հիվանդությունը չի փոխանցվում մարդուն և չի համարվում հանրային առողջության ռիսկ։
Այն խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը ախտահարում է հիմնականում երկսմբակավոր՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիներին, խոզերին և այլ վայրի կենդանիներին։