
Գազայի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել

Գազայի հատվածի վերականգնման համար կպահանջվի մոտավորապես 61 միլիարդ եվրո և տասնյակ տարիներ։ Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Պաղեստինյան տարածքների օգնության ծրագրի ադմինիստրատորի հատուկ ներկայացուցիչ Ժակո Սիլիերսը։
Նրա փոխանցմամբ՝ վերակառուցման ժամանակացույցը կախված կլինի ստացված ֆինանսավորման չափից։
Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո ՄԱԿ-ը կոչ է արել հնարավորինս շուտ սկսել վերականգնողական աշխատանքները։ Վերակառուցումը սկսելու համար անհրաժեշտ է մաքրել մարտական գործողությունների ընթացքում ավերված քաղաքների շենքերի փլատակները և հեռացնել ավելի քան 55 միլիոն տոննա շինարարական աղբ։
«ՄԱԿ-ի, Եվրամիության և Համաշխարհային բանկի կողմից համատեղ անցկացված վնասի և կարիքների արագ գնահատման համաձայն՝ Գազայի վերականգնման համար կպահանջվի մոտավորապես 61 միլիարդ եվրո և տասնյակ տարիներ», - ասել է Սիլիերսը։