
Մադագասկարում իշխանությունը անցել է զինվորականների ձեռքը

Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինայի իմպիչմենտից հետո իշխանության են եկել զինվորականները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Ռաձուելինան խորհրդարանը լուծարելու որոշում էր կայացրել իրեն իշխանությունից հեռացնելու քվեարկության ֆոնին: Պատգամավորներն այնուամենայնիվ հավաքվել և քվեարկել էին նրա իմպիչմենտի օգտին։
«Մենք իշխանությունը վերցրել ենք մեր ձեռքը», - ազգային ռադիոյի եթերում հայտարարել է գնդապետ Մայքլ Ռանդրիանիրինան:
Ըստ AFP-ի` զինվորականները հայտարարել են, որ մտադիր են բանակի, ժանդարմերիայի և ոստիկանության սպաներից բաղկացած հանձնաժողով ստեղծել, որը կկատարի նախագահի գործառույթները: Միաժամանակ լուծարվելու են բոլոր պետական ինստիտուտները, բացի Ազգային վեհաժողովից (խորհրդարանի ստորին պալատ)։
Հիշեցնենք` սեպտեմբերի 22-ին հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել` բողոքելով էլեկտրաէներգիայի ու ջրամատակարարման անջատումներից և պահանջելով կառավարության հրաժարականը: Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ էր կիրառել։