Դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով հարուցված քրգործը կարճվել է
Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ երկու ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործը կարճվել է:
«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ՀՔԾ-ից տեղեկացրել են, որ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։38-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար ծառայության «911» խումբը, դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած, «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ է խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վերջինս դուրս է եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց կողմը։ Վարորդն ատրճանակով սպառնացել է, որ «սաղին կսպանի»։
Կոտայքի բաժնի ոստիկանները պարզել էին, որ նշված ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակչուհի Ն. Ք.-ին, և մինչ ոստիկանները կհայտնաբերեին ավտոմեքենան, ժամեր անց ոստիկանության Կոտայքի բաժին էր ներկայացել 35-ամյա Արթուր Ավագյանը և հայտնել, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է ինքը և այդ միջադեպի ժամանակ իր մոտ եղել է «Բրունի 84» տիպի ատրճանակ, սակայն ինքը որևէ մեկի վրա այն չի ուղղել և ոչ մեկի չի սպառնացել։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում