Հովիկ Աղազարյանի որդին վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա. Irakanum.am
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Իվան Աղազարյանը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա: Այս մասին հայտնում է Irakanum.am-ը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ ամիս` նոյեմբերի 5-ին:
Կայքին տեղեկությունների համաձայն՝ վրաերթի ենթարկված աղջիկն աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, և վրաերթից հետո դեռ բուժման կուրսեր է անցնում:
Irakanum.am-ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանը հաստատել է այս տեղեկությունը: Նա նախ ժամանակ է խնդրել տեղեկությունը որդուց ճշտելու համար, որից հետո հայտնել է, որ որդին պարբերաբար այցելել է այդ աղջկան: «Տղաս ամուսնացած է, առանձին է ապրում, ես չեմ իմացել, նոր ճշտեցի, ինքն ասեց, որ պարբերաբար ստուգման է գնացել, այդ գումարները տվել է, տեսել է, որ քերծվածքներ են եղել, հիվանդանոցի փողը տվել է»,- ասել է Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ գործը գտնվում է իրավական դաշտում, իսկ եթե պարզվի իր որդու մեղավորությունը, ապա նա պատասխան կտա: