«168 ժամ». Փաշինյանը ցանկանում է վերադարձնել ԼՂ հարցով բանակցությունների` Տեր-Պետրոսյանի ժամանակվա ֆորմատը. Լևոն Զուրաբյան
«168 ժամը» գրում է.
«ՀՀ իշխանություններն առայժմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տեսլական չեն ներկայացրել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
Նրա խոսքով՝ մենք պետք է հասկանանք, որ բանակցությունները Ղարաբաղի խնդրի շուրջ բաժանվում են հարցերի երկու կատեգորիայի, դրանցից մեկը, ըստ նրա՝ վստահության կառուցման խնդիրն է, որ կողմերն ավելի քիչ կրակեն միմյանց վրա, ավելի շատ վստահեն միմյանց, ընդհանրապես, ոչ միայն իշխանությունները, այլև ժողովուրդները, այսինքն՝ բարելավվի մթնոլորտը: Բայց կա միգուցե ավելի կարևոր խնդիր, որը կապված է ղարաբաղյան խնդրի լուծման բանաձևի հետ: Այսինքն՝ ինչ բանաձևով պետք է լուծվի ղարաբաղյան խնդիրը: Սրանք փոխկապակցված, բայց, այնուամենայնիվ, տարբեր հարցեր են, և մենք պետք է հասկանանք, որ ստեղծված ավանդույթի համաձայն՝ Ադրբեջանը, բնականաբար, ավելի կենտրոնացած է բանաձևի և բովանդակային լուծման վրա, իսկ հայկական կողմն ավելի շատ կենտրոնացած է վստահության կառուցման խնդիրների վրա, բայց նաև սա ի՞նչ է նշանակում, որովհետև Ադրբեջանին ստատուս-քվոն չի բավարարում, և Ադրբեջանի դիրքորոշումը սա է, որ՝ կա՛մ պետք է բանակցություններով լուծենք խնդիրը, կա՛մ պատերազմով: Իսկ եթե վստահության կառուցման այդ միջոցառումները շատ խորանան՝ առանց բովանդակային լուծման, դա, փաստորեն, ինչ-որ իմաստով զրկում է Ադրբեջանին ռազմական միջոցով խնդիրը լուծելու հնարավորությունից:
Հետևաբար՝ այսպիսի դինամիկա կա, պետք է ասեմ, որ մինչև հիմա հայկական կողմը բովանդակային քննարկումների մեջ, նկատի ունեմ՝ Փաշինյանի օրոք, թավշյա հեղափոխությունից հետո, չի մտել և դրա համար ունեցել է նաև որոշակի հիմքեր: Այդ հիմքերը կապված են այն հանգամանքի հետ, որ բանակցությունների այն ձևաչափը, որը ժառանգել էր Նիկոլ Փաշինյանը, իր հագով չէ: Ինքը ցանկանում է վերադարձնել այն ֆորմատը, որը ձևավորվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ:
Ընդ որում՝ Լևոն Տեր-Պետրոսյանին հեշտ չտրվեց այդ ձևաչափը ձևավորելը, որովհետև 1992 թվականին, երբ ԵԱՀԿ-ն սկսեց այդ խնդրին անդրադառնալ, դեռ ոչ ոք Ղարաբաղը չէր ճանաչում՝ որպես հակամարտության կողմ, և բանակցությունները գնում էին Հայաստան-Ադրբեջան ձևաչափով, բայց երկարատև դիվանագիտական աշխատանքից և ռազմական հաջողություններից հետո 1994 թվականին հաջողվեց հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվեց որպես ինքնուրույն բանակցող և հակամարտության կողմ ԵԱՀԿ-ի հայտնի գագաթաժողովի ժամանակ, ինչը ես համարում եմ մեր ամենամեծ նվաճումը, քանի որ դրա շնորհիվ Լեռնային Ղարաբաղը մեկ քայլ առաջ արեց դեպի իր անկախության միջազգային ճանաչում:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում