Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀԴՄ չտրամադրելու ոչ մի դեպք չի ներվելու. Նիկոլ Փաշինյան
2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տպագրվել է 106 մլն 609 հազ 299 ՀԴՄ կտրոնով ավելի: Սա աստղաբաշխական թիվ է, եւ այս ՀԴՄ կտրոններով ավել է արձանագրվել շուրջ 303 մլրդ դրամի առեւտրաշրջանառություն: Այս վիճակագրությունը ֆեյսբուքի ուղիղ եթերում ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ նաեւ արձանագրել, որ բավականին լավ վիճակագրություն ունենք հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման դինամկիայի առումով: 2019 թվականի հունվար-նոյեմբերին ավել է դուրս գրվել 18 մլն 425հազ 72 հաշիվ ապրանքագիր: Սրանք չափազանց լավ ցուցանիշներ են: Բայց արդյո՞ք գոհ ենք ոչ թե զուտ ժամանակահատվածի առումով, արդյո՞ք գոհ ենք այս ցուցանիշներից, արդյո՞ք մտածում ենք, որ այսօր ՀՀ-ում բոլոր առեւտրային գործարքներն արվում են ՀԴՄ կտրոնի թողարկմամբ, կամ հաշիվ-ապրանքագրով: Այս հարցի պատասխանը գիտենք, որ նեգատիվ է: Այսինքն՝ ոչ: Մեր երկրում կա հսկայական ստվերային առեւտրաշրջանառություն, չնայած աճը տպավորիչ է»,-ասաց վարչապետը:
Հեղափոխությունից հետո էլ ՀԴՄ կտրոն թողարկելու պահանջ էր հնչեցվում, միաժամանակ, ըստ վարչապետի, հնչում էր հակադարձում, թե մարդիկ հազիվ ծայրը-ծարին են հասցնում, եւ հացի փող են աշխատում, ինչու՞ եք տուգանք գրում, եւ այլն: «Օրենքի առումով այդ մեկնաբանությունը տեղին չէ, բայց հաշվի առնելով ընդհանուր բուն տեքստը, եւ ՀՀ-ում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, այդ հարցադրումը որոշակի առումով լեգիտիմություն ուներ: Դրա համար էլ մենք այս տարի հարկային օրենսգրքում կատարեցինք փոփոխություններ, հարկային համակարգում նոր սեգմենտ ձեւավորեցինք եւ անունը դրեցինք միկրոբիզնես, որը հնարավորություն տվեց տարեկան մինչեւ 24 մլն շրջանառություն ունենալու պարագայում հարկային պարտավորություն չի առաջանում, ազատվում են հարկերից: Սա արվեց, որ ՀԴՄ կտրոն տպելու եւ հացի փող աշխատելու ինստիտուտները չհակադրվեն»:
Նախկինում երբ ՀԴՄ կտրոն էին տպում, տնտեսվարողը տպածի չափով նաեւ հարկային պարտավորություն էր ստանձնում: Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ինչքան քիչ էին տպում, այնքան իրենց ասած հացի փողը շատանում էր: Հարկային նոր մոտեցմամբ արդեն, փոքր տնտեսվարողը, եթե ունի մինչեւ 24 մլն-ի արեւտրաշրջանառություն, ազատվում է հարկերից, եւ այլեւս կտրոն տպել-չտպելու խնդիր չի ունենում:
«Հիմա արդեն մենք 24 մլն-ով լուծեցինք մի խնդիր, որ հացի փող աշխատող մեր հայրենակիցները մտավախություն չունենան ՀԴՄ բաց թողնելու համար, որովհետեւ իրենք եթե իրոք հացի փող աշխատելու մտադրության մեջ են, նրանք ՀԴՄ խփելու որեւէ սահմանափակման մտավախություն չպետք է ունենան, որովհետեւ եթե պարզվի, որ իրենց շրջանառությունը հացի փող աշխատելու շրջանառություն է, էլ հարկային պահում չեն ունենա 2020 թվականի հունվարի 1-ից: Կտրոն չտպելու պարագայում նրանք պետք է իմանան, որ վարչական լուրջ պատասխանատվություն կկրեն, եւ դա չի լինելու միայն ՀԴՄ կտրոն չտպելու համար, դա լինելու է զինվորի հացը, զինվորի փամփուշտը, զինվորի արժանապատիվ հագուստը գողանալու համար: Էս հարցում լուրջ ենք տրամադրված, ուզում եմ, որ իրավիճակի լրջությունը արձանագրենք»:
2020 թվականի հունվարի 1-ից Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությամբ, ըստ վարչապետի, ՀԴՄ կտրոն չտպելու լեգիտիմությունը վերանում է: Ընդ որում, մարդկանց հացի փող աշխատող լինելու հանգամանքն ի տարբերություն նախկինի, նոր իրավիճակում հնարավոր է լինելու հաստատել միայն ՀԴՄ կտրոն տպելու միջոցով:
«Հունվարի 1-ից, այսինքն Նոր տարվա զանգերը խփելուց հետո ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ կտրոն չտպելու որեւէ պարագա որը ներման ենթակա լինի: Ես արդեն ասել եմ, որ հեղափոխությունից հետո պետական բյուջեի եկամուտները 2020 թվականի նախագծով ավելացրել ենք 356 մլրդ դրամով: Մենք չենք մտածում, որ սա ամբողջ պոտենցիալան է,մենք էլ ավելի պետք է մեծացնենք մեր բյուջեն, կրճատենք ստվերային տնտեսությունը: Էս փոքր օբյեկտներում ՀԴՄ կտրոն չտպելու արդյունքում էական ստվեր է գոյանում նաեւ խոշոր ձեռնարկություններում: Նրանք հաշվարկային փաստաթղթեր չգրելը երբեմն պայմանավորում են նրանով, որ ըստ իրենց, փոքր խանութները, մանրածախները հաշվարկային փաստաթղթեր չեն ուզում, որովհետեւ հետո պետք է դրանք ցույց տան: Առաքիչներն ասում են, եթե ասեն, որ միայն հաշվիչ փաստաթղթերով են ապրանքը տալու, էլ իրենցից չեն վերցնի, կվերցնեն մրցակից այլ ընկերություններից: Խոշորի մոտ ստվերը գոյանում է էս պրոցեսի արդյունքում: Սրանք շղթայի տարբեր օղակներ են: Եթե բոլորն առանց բացառության ՀԴՄ թողարկեն, էդ խոշորներում ստվերը կդառնա անհնար»,-վստահ է վարչապետը:
ՀԴՄ չթողարկող գործարարը գողանում է զինվորի հացը: Այս տարի նոր բյուջետային մոտեցման արդյունքում բանակում հսկայական փոփոխություններ են արվել, մի մասի մասին գիտենք, մյուս մասն, ըստ վարչապետի, կիմանանք նոր տարվա մեկնարկին: Դա արվել է հենց բյուջեի հավելյալ եկամ ուտների հավաքագրման շնորհիվ: