Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները. Արայիկ Հարությունյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսին նամակ է հղել։
Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ողջունում ենք Միավորված ազգերի կազմակերպության՝ դեկտեմբերի 2-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում մեկնարկած կլիմայական հարցերով 25-րդ վեհաժողովի աշխատանքները և հայտնում, որ ամբողջությամբ կիսում ենք գլոբալ տաքացման դեմ ուղղված ՄԱԿ-ի մտահոգություններն ու գործադրած ջանքերը:
Որպես Արցախի չճանաչված Հանրապետության նախկին վարչապետ՝ կարող եմ փաստել, որ դեռևս 2008թ.-ից վերականգնվող էներգիայի արտադրության ուղղությամբ սկսած ծրագրերի արդյունքում անցած տասը տարիներին մեզ հաջողվել է մեր փոքրիկ հանրապետությունն ամբողջությամբ ապահովել վերականգնվող էներգիայով: Այսօր հպարտությամբ արձանագրում եմ, որ վերականգնվող էներգիայի հաշվին ինքնաբավ լինելուց զատ մենք դարձել ենք էլեկտրաէներգիա արտահանող պետություն: Եվ դա այն դեպքում, երբ որևէ միջազգային ֆինանսական աջակցությունից չենք օգտվել, երբ գտնվում ենք Ադրբեջանի Հանրապետության հետ ռազմական հակամարտության մեջ:
Ո՛չ Ադրբեջանի հետ հակամարտությունը, ո՛չ Արցախի միջազգային կարգավիճակը չեն կարող մեզ զրկել աշխարհի լիիրավ մաս կազմելու և գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու գործում մեր բաժին մասնակցությունն ունենալու իրավունքից, քանի որ գլոբալ խնդիրները սահմաններ ու կարգավիճակ չեն ճանաչում:
Կլիմայական փոփոխությունների և գլոբալ տաքացման դեմ պայքարին ուղղված Ձեր կոչում առաջիկա տասը տարիների համար նշաձող սահմանեցիք ջերմային գազերի՝ մինչև 45 տոկոս կրճատումը: Մենք միանում ենք Ձեր կոչին և հայտարարում, որ Արցախի Հանրապետությունում կգործադրենք բոլոր հնարավորություններն այդ գազերի արտանետումները մինչև 70 տոկոս կրճատելու ուղղությամբ: Արցախի Հանրապետությունը մեծապես կանաչ պետություն դարձնելու բոլոր նախադրյալները ստեղծված են, և, համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ իմ սիրելի հայրենիքը կդառնա աշխարհի ամենաօրինակելի պետություններից մեկը:
Հարգե՛ք մեր ժողովրդի իրավունքները, առավել ևս, երբ նա մեր մոլորակի առաջ ծառացած խնդիրների դեմ պայքարում պատրաստ է առաջիններից լինել»:
Նմանատիպ հոդվածներ
Բրատիսլավայում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Բրատիսլավայում մեկնարկեց ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ա...
Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Թե ին...
Կոշ համայնքի ղեկավարի հետ կապված անձինք ուղղորդել են ընտրողներին. «Անկախ դիտորդ»
Դեկտեմբերի 8-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի են ունեցել համայնքապետի և ավագանու հերթական և արտահերթ ընտրություններ: ՏԻՄ...
Կենտրոնում նոր դիզայնով աղբամաններ են տեղադրվում․ Հակոբ Կարապետյան
Կենտրոնում նոր դիզայնով նոր աղբամաններ են տեղադրվում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ...