Քաղաքականություն

Իշխանությունը կարծես թե չի հասկանում, որ Արցախի հարցը խաղալիք չէ. «Սասնա ծռեր»

WRed 197 դիտում
Իշխանությունը կարծես թե չի հասկանում, որ Արցախի հարցը խաղալիք չէ. «Սասնա ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը հաստարարություն է տարածել, որում ասվում է․ «Արցախը Հայաստան է և վերջ»-ին հակառակ Մադրիդյան սկզբունքներով բանակցությունները շարունակելը, մասնավորապես՝ դրանց տրամաբանությամբ ս.թ. դեկտեմբերի 4-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, վկայում են այն մասին, որ ՀՀ գործող իշխանությունը Արցախի՝ ՀՀ ինքնիշխան տարածքի ամբողջականության մաս լինելու իրավաքաղաքական իրողությունը վերաամրագրելու փոխարեն համառորեն շարունակում է զիջողականության և Արցախի սուբյեկտացման գիծը՝ կամա թե ակամա նպաստելով մեր ազգային շահերի հաշվին Մոսկվայի և Բաքվի շահերի իրացմանը: Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդության փոխարեն Հայկական ԽՍՀ-ի իրավահաջորդության վրա հիմնված՝ այսպես կոչված 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգին սրբորեն հավատարիմ մնալու մոտեցումը գործող իշխանությանն ինքնաբերաբար դարձնում է նաև նախորդ ազգադավ ու հանցավոր ռեժիմների իրավահաջորդ, ուստի Արցախի հարցում ևս նա դառնում է պարտվողական և զիջողական: Գործող իշխանությունը կարծես թե չի հասկանում, որ Արցախի հարցը խաղալիք չէ, այլ հայոց պետականության և հայության լինել-չլինելու հարց է, ուստի չի կարող մյուս, օրինակ՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների կամ նախորդ ռեժիմների պարագլուխներին պատասխանատվության կանչելու հարցերի նման դառնալ երկակի ստանդարտների ու խաղերի առարկա: Հնարավոր չէ Ստեփանակերտի հրապարակում ի տես համայն հայության և աշխարհի՝ միացման կոչերի ուղեկցությամբ, Արցախը հայտարարել Հայաստան, այնուհետև շարունակել Արցախի սուբյեկտացումը, միջազգային հարթակներում ժխտել նրա հայաստանապատկանությունը և բանակցել Մադրիդյան սկզբունքների շուրջ՝ ասպարեզ հանելով բանակցություններին Արցախի մասնակցության կամ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների կամքի ու շահերի համընկեցման վերաբերյալ անհեթեթ տեսակետներ:

Սերժ Սարգսյանի ռեժիմը տապալվեց, որովհետև Արցախի հարցում նախորդներից ժառանգած և նրա օրոք շարունակաբար կիրառված երկակի խաղի ճոճանակը կանգ առավ: Այդ ճոճանակն այլևս հնարավոր չէ վերագործարկել: Նույնիսկ ամենամեծ վստահություն վայելող իշխանությունը նման փորձ կատարելու դեպքում շատ արագ կկորցնի իր լեգիտիմությունը և կարժանանա նախորդի ճակատագրին: Ռևանշիստական 5-րդ շարասյունը հենց դրան է սպասում, որպեսզի իր վերջին հարվածը հասցնի և մեզ նորից մխրճի անցյալի մղձավանջի ճահճի մեջ: Ելքը մեկն է՝ ՀՀ-ին Արցախի դե յուրե միացման՝ 1991 թվականից դավաճանաբար կասեցված գործընթացի ամբողջացումն ամրագրել որպես համազգային օրակարգի գերակա հարց և լուծել 1920-21 թ.թ. քեմալաբոլշևիկյան ագրեսիայով զավթված ու մասնատված ՀՀ իրավահաջորդությունը ճանաչելու և նրա տարածքային ամբողջականությունը դեօկուպացիայի տրամաբանությամբ վերականգնելու համատեքստում: Մինչ այդ՝ հարկավոր է հրաժարվել մեզ համար կործանարար Մադրիդյան սկզբունքներից, բանակցությունները ծառայեցնել բացառապես շփման գծում վերահսկողության ապահովման մեխանիզմների ներդրմանը և զուգահեռաբար որդեգրել Արցախի դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելու ռազմավարություն՝ առաջին վերացնելով Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի արգելքը և Արցախը ՀՀ-ից տարանջատող այլ արհեստական խոչընդոտները:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250