Իշխանությունները վճռական են տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարին. Աղաջանյանը` Լոռեցյանի ձերբակալության մասին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանի ձերբակալմանը՝ նշելով, որ դա մեկ անգամ ևս ապացուցում է, որ իշխանությունները վճռական են տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարին:
«Փաստացի այն իշխանությունը, որը պայքարում էր կոռուպցիայի դեմ, այսօր էլ բավականին էֆեկտիվ ձևով պայքարում է կոռուպցիայի և նմանատիպ դրսևորումների դեմ, որի ապացույցը ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործն է»,- ասաց նա:
Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ իր համար սպասելի չէր այդ ամենը: «Առհասարակ նոր իշխանության քաղաքական թիմի որևէ ներկայացուցչի հետ կապված նմանատիպ նորությունները և լուրերը մեզ համար տհաճ ու զարմանալի են»,- ասաց նա և նշեց, որ չնայած դրան այս պահին պետք է արձանագրենք, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, և կոչ արեց չշտապել և սպասել քննության արդյունքներին։
«Պետք է արձանագրենք, որ լինեն նախկիններ, թե ներկաներ, այսօրվա կառավարության դիրքորոշումը շատ հստակ է , որ որևէ ապօրինություն, անկախ դրա հեղինակից, ենթակա է օրենքով սահմանված բոլոր պատժամիջոցների»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք սա չի նշանակում, որ այս դեպքը կարող է շարունակական լինել և դրա համար հող կա նախապատրաստված, Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ ոչինչ չի բացառվում։
«Կարծում եմ՝ կարևորը ոչ թե բացառելն է, այլ ստեղծելն այնպիսի համակարգ, որը ցանկացած նմանատիպ երևույթ, դրսևորում կկանխի կամ կարձագանքի դրանց։ Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որպեսզի կանխարգելիչ միջոցառումներ ու համակարգ գոյություն ունենար և գործեր շատ ավելի վաղ։ Սակայն մենք ժառանգել ենք մի այնպիսի համակարգ, որն ամենևին այլ տրամաբանությամբ է փորձել գործել և հետևաբար պետք է արձանագրենք, որ այս պահին համակարգը բավականին ռեակտիվ է արձագանքում նման նմանատիպ դրսևորումներին»,– ընդգծեց նա։
Ըստ աշխատակազմի ղեկավարի՝ այսպիսի դեպքերը չի ազդում իշխանության վարկանիշի վրա: «Այստեղ անձերը կապ չունեն, այստեղ համակարգն է կարևոր և հաշվի առնելով, որ նմանատիպ դրսևորումներն ի հայտ են գալիս և դրանց հեղինակները պատասխանատվության են ենթարկվում, ընդհակառակը կարծում եմ, դա էլ ավելի է բարձրացնում մեր քաղաքական թիմի վարկանիշը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու կասկածանքով։ ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ Գևորգ Լոռեցյանից բացի, բերման է ենթարկվել նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: