Դավիթ Սիմոնյանը Հայկ Սարգյանի դեմ ցուցմունք տալու համար բռնության է ենթարկվել. Սարգսյանի պաշտպան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող Հայկ Սարգսյանի գործով նիստին հայտարարեց, որ տուժող ճանաչված Դավիթ Սիմոնյանը ցուցմունք տալու համար բռնության է ենթարկվել։

 

«Նախաքննության ընթացքում տուժող Դավիթ Սիմոնյանի հետ կասկածյալ Հայկ Սարգսյանի հետ առերես հարցաքննության ընթացքում ծագել է այն միտքը, որ Դավիթ Սիմոնյանը խոշտանգման է ենթարկվել, բռնության է ենթարկվել ինչ-որ անձանց կողմից, որպեսզի ցուցմունք տա։ Նրա մարմնի վրա քերծվածքներ են եղել, մենք դիմել ենք, որ փորձաքննություն սկսվի, բայց ոչինչ չի արվել։ Դավիթ Սիմոնյանի դեմքին քերծվածքներ կային, բայց նա պնդում էր, որ մոծակի կծածի հետք է։ Դավիթ Սիմոնյանի նկատմամբ նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու վերջինիս դեմքի եւ ձեռքերի հատվածում առկա մարմնական վնասվածքների առկայության հանգամանքը»,- ասաց պաշտպանը։

 

Գործով մեղադրող դատախազն էլ առարկեց՝ նշելով, որ Դավիթ Սիմոնյանը դատարանում հարցաքննվել է, եւ նրա մոտ որեւէ կաշկանդվածություն չի եղել. «Նա պնդել է իր նախաքննական ցուցմունքները։ Կարծում եմ, որ սա զուտ պատճառ է, որ վիճարկեն տուժողի ցուցմունքի արժանահավատությունը։ Բացի պաշտպանի ենթադրությունից, այլ բան առկա չի եղել»։

 

Նշենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:

 

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։

 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

 

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2018թ. սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։


 

Քաղաքականություն

Պատահարներ