Փաստաբանին թույլ չեն տալիս վստահորդի մոտ մտնել. լարված իրավիճակ` վեցերորդ վարչության մոտ

Ոստիկանության վեցերորդ վարչություն մի տղամարդու են բերման ենթարկել, որի փաստաբան Վահե Դանիելյանին, սակայն, ներս մտնել չեն թողնում։ Դանիելյանն այս մասին ասել է Sputnik Արմենիային։

 

«Առավոտյան իմ վստահորդին տնից բերման են ենթարկել, և դեռևս ինձ հայտնի էլ չէ, թե ինչու։ Նրա ընտանիքի անդամները դիմել են ինձ, որպեսզի նրա շահերը պաշտպանեմ։ Մեկ ժամից ավել է` վեցերորդ վարչության առջև կանգնած եմ, սակայն ինձ ներս չեն թողնում»,–ասաց նա։

 

Փաստաբանի խոսքով` ոստիկանությունից իրեն պատճառաբանում են, որ իբր բերման ենթարկվածը չի ցանկանում փաստաբանական ծառայությունից օգտվել։ Դանիելյանը նշում է, որ եթե անգամ իր վստահորդը հրաժարվում է փաստաբանական ծառայությունից, ուզում է ներս մտնել ու իր ականջով դա լսել։

 

Նա հայտնեց նաև` սա առաջին դեպքը չէ, որ վեցերորդ վարչությունը խոչընդոտում է իր գործունեությունը, սակայն 1 ժամ համառ պայքարից հետո թույլատրում են ներս մտնել։

 

«Մյուս տեղերում նման խնդիր չկա` միշտ ներս են թողնում պաշտպանին։ Ենթադրում եմ, որ այս դեպքում ցանկանում են բոլոր գործողություններն իրականացնել ու նոր միայն փաստաբանին ներս թողնել»,–ասաց նա։

Դանիելյանը նշեց նաև, որ իր վստահորդը հայտնի մարդ չէ։

 

Մարդու իրավունքների գրասենյակից հայտնեցին, որ փաստաբան Վահե Դանիելյանի ահազանգի հիման վրա վեցերորդ վարչություն է այցելել Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը։

 

Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ տեղեկացրին` Դանիելյանի վստահորդը հայտնել է, որ հրաժարվում է փաստաբանական ծառայությունից։