ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Աշխատանքի տեղավորման գործակալությունը փոխելով գործակալության անունը շարունակում է խաբեությամբ զբաղվել

Ամիսներ առաջ hetq.am-ը տեղեկացրել էր աշխատանքի տեղավորման գործակալության բացահայտ խաբեության և խարդախության մասին: Ըստ որի «Զատիկ»  մասնավոր աշխատանքի տեղավորման գործակալությունը ֆեյսբուքյան իր էջում թափուր աշխատատեղերի գայթակղիչ հայտարարություններ է տեղադրում: Ընկերության առաջարկած աշխատատեղերը սովորաբար ունենում են տարիքային սահմանափակումներ և աչքի են ընկնում  բավականին բարձր աշխատավարձով: 

 

Արամի 90 հասցեում գտնվող «Զատիկ» մասնավոր կադրային կենտրոնի տնօրեն Շուշանիկ Ներսիսյանը ընդունում է դիմողին և ներկայացնում առաջարկվող աշխատանքը, սակայն ոչ մանրամասնորեն, նա չի բացահայտում աշխատավայրի հասցեն և անունը, այն կազմակերպության, որի համար ինքը հայտ է լրացնելու  իրեն դիմած քաղաքացու համար:

 

Ըստ պայմանագրի՝ գործակալությունը պարտավորվում է առաջարկել պատվիրատուին թափուր հաստիքներ՝ ըստ վերջինիս մասնագիտական տվյալների և ցանկության, իսկ կատարողը (այսինքն՝ այն անձը, ով դիմում է գործակալություն), ըստ պայմանագրի 2.3.1 կետի, պարտավորվում է միանվագ և անվերադարձ վճարել 5000 դրամ անդամավճար կատարողի ծառայությունից օգտվելու համար: Պայմանագրի 2.2.1 կետով ներկայացված է, որ պայմանագիրը ուժի մեջ է մտնում կնքման պահից՝ 6 ամիս ժամկետով:

 

Տնօրենը քաղաքացիներին ասում է, որ կապ չհաստատեն իր հետ, քանի որ երբ ինքը հայտը կազմի և ուղարկի գործատուին, գործատուն անձամբ կկապվի աշխատանք փնտրող քաղաքացու հետ: Գործակալությունում գրանցումից մեկ շաբաթ անց երբ քաղաքացիները զանգ չեն ստանում որևէ կազմակերպությունից , զանգահարում են գործակալություն` հասկանալու ինչն է պատճառը, որ որևէ նորություն չկա: Գործակալությանը դիմած քաղաքացիներից մանիպուլյատիվ ճանապարհով վերցնում են 5000 դրամ, սակայն վերջիններս այդպես էլ որևէ աշխատանքի առաջարկ և  ենթադրյալ գործատուից զանգ չեն ստանում: 

 

Նշենք, որ գործակալության հետ կապ հաստատելը այդքան էլ հեշտ չի լինում, քանի որ երբ Շուշանիկը հասկանում է, որ զանգել է աշխատանքի սպասող հաճախորդը,  վերջինիս կոպտում է և արգելափակում հեռախոսահամարը:

 

Auroranews-ը իրականացրեց ուսումնասիրություն կապված արդեն նախկին հրապարակված հոդվածի և ներկայում գործող գործակալության աշխատանքների համապատասխանությանը: Հետևելով «Զատիկ» մասնավոր կադրային կենտրոնի տնօրեն Շուշանիկ Ներսիսյանի հրապարակած ֆեյսբուքյան հրապարակումներին, պարզեցինք, որ գործակալությունը փոխել է անվանումը և հիմա հանդես է գալիս  «Աշխատանք» անվանվամբ, սակայն անվանափոխությունը չի նպաստել գործակալության աշխատաոճի փոփոխությանը: 

 

Խոսեցինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սոնա Մարտիրոսյանի հետ, ով հաստատեց, որ նախարարությունը չի կարգավորում մասնավոր աշխատանքի տեղավորման գործակալությունների գործունեությունը և հավելեց, որ հեռանկարային որևէ բան ասել չի կարող: 

 

Ուսումնասիրությունների արդյուքում գտանք ֆեյսբուքյան բազմաթիվ հրապարակումներ, որտեղ քաղաքացիները իրենց դժգոհությունն էին արտահայտում գործող կազմակերպության աշխատելաոճից: 

 

«Աշխատանք» ֆեյսբուքյան էջը հրապարակում է նմանատիպ հայտարարություններ և գործում նախկին գործելաոճով: 

 

Կապ հաստատեցինք դժգոհող քաղաքացիներից Սիրարփի Գևորգյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն երկար ժամանակ է անցել իր դիմումից և հայտալրացումից, սակայն որևէ աշխատանք չի ստացել:

 

«Շարքային խաբեություն է, զարմանում եմ, որ ապօրինաբար շարունակում է աշխատել»,- մեզ հետ զրույցում ասաց Սիրարփի Գևորգյանը:

 

Զարմանալի է, որ քաղաքացիների այսքան դժգոհություններից հետո կազմակերպությունը շարունակում է գործել և ոստիակությունը չի կանխել նրանց գործունեությանը:

  

Ջեմմա Սարդարյան