«Աղջկա հարցով» ծեծկռտուք. 10 հոգի բերման է ենթարկվել, մեկ հոգի տեղափոխվել է ԲԿ

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Ժամը 15:20-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության կենտրոնական բաժին, որ «գանգուղեղային վնասվածք, քթոսկրի կոտրվածք և քերծված վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Դավիթ Հայրապետյանն է, ով, ըստ բժիշկների, ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ հայտնելու: 

Նալբանդյան և Կորյուն փողոցների խաչմերուկից նշված միջադեպին մասնակցություն ունենալու կասկածանքով ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկվել Երևանի բնակիչ, 22-ամյա Արթուր Բաղդասարյանին, ով սովորում է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ֆակուլտետի 4-րդ կուրսում, Երևանի բնակիչ, 21-ամյա Դավիթ Գևորգյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսում, Արցախի Հանրապետության բնակիչ, 19-ամյա Արման Քոչարյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսում, Երևանի բնակիչ, 18-ամյա Ֆելիքս Գրիգորյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսում, Արմավիր քաղաքի բնակիչ, 21-ամյա Խաչատուր Ավետիսյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսում, Արմավիրի մարզի Ծիածան գյուղի բնակիչ, 19-ամյա Արտյոմ Սահակյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսում, Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչ, 20-ամյա Տիգրան Գյուրջյանին, ով սովորում է Երևանի պետական համալսարանի արաբագիտական ֆակուլտետի 3-րդ կուրսում, Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 20-ամյա Դավիթ Քերոփյանին, ով ժամանակավորապես բնակվում է Երևան քաղաքում, սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսում, Վրաստանի քաղաքացի, սակայն ժամանակավորապես Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում բնակվող, 19-ամյա Էդիկ Այվազյանին, ով սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսում և Արմավիր քաղաքի բնակիչ, 20-ամյա Արմեն Ասլանյանին, ով սովորում է Երևանի պետական համալսարանի միջազգային ֆակուլտետի 1-ին կուրսում: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք հրաժարվել են ոստիկանությունում կատարվածի մասին բացատրություններ տալ և բաց են թողնվել, իսկ տուժած Դ. Հայրապետյանը ոստիկանության ծառայող է, և վիճաբանություն-ծեծկռտուքը, որը տեղի է ունեցել Ալեք Մանուկյան փողոցի 13 շենքի՝ Մանկավարժական համալսարանի մոտ, կապ չունի նրա մասնագիտական գործունեության հետ: 

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: