Կոստանյանին առաջադրվելիք մեղադրանքը կապվում է Ալիկ Սարգսյանի մեղադրանքի նկարագրության հետ. ՀՔԾ պետ

Ազգային ժողովում այսօր լրագրողները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանից հետաքրքրվեցին՝ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզո՞ւմ են հայտարարելու, Սասուն Խաչատրյանն էլ պատասխանեց. «Կգործենք ըստ օրենքի»։

 

Դիտարկմանը, թե Կոստանյանն ասել է՝ երբ դասերն ավարտի, կգա, ՀՔԾ պետն արձագանքեց. «Անձը մեղադրյալ ներգրավվում է այն ժամանակ, երբ վարույթն իրականացնող մարմինը բավարար է համարում ապացույցների համակցությունը անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար»:

 

Սասուն Խաչատրյանը հայտարարեց, որ Գևորգ Կոստանյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել։

Դիտարկմանը, թե Կոստանյանը հայտարարել է, որ այս գործում արհեստականություն կա, Սասուն Խաչատրյանն ասաց. «Ի՞նչ արհեստականություն, ես չեմ կարող մեկնաբանել պարոն Կոստանյանի ասածները։ Դուք ինձ հարցնում եք՝ 48 ժամվա մեջ իրատեսակա՞ն է Մոսկվայից հասնել Երևան, ես հարցը ձեզ եմ տալիս՝ իրատեսակա՞ն է»։

 

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով Գևորգ Կոստանյանին առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։

Հարցին՝ Գևորգ Կոստանյանին առաջադրվելիք մեղադրանքը կապվում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի նկարագրության հե՞տ, ՀՔԾ պետն ասաց՝ այո։
 

Հարցին՝ գլխավոր դատախազ եղած տարիներին Մարտի մեկի գործը չբացահայտելու համար էլ կլինի՞ մեղադրանք, Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Եկեք 48 ժամ սպասենք»։

Քաղաքականություն

Պատահարներ