Քաղաքականություն

Ծայրահեղ մտահոգիչ եմ համարում իրավապահների կողմից փաստաբանի նկատմամբ ապօրինի գործողությունները. Բաբայան

WRed 188 դիտում
Ծայրահեղ մտահոգիչ եմ համարում իրավապահների կողմից փաստաբանի նկատմամբ  ապօրինի գործողությունները. Բաբայան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհրաժեշտ է կանխել և բացառել փաստաբանների նկատմամբ ապօրինությունները. ԱԱԾ քննչական ստորաբաժանման քննիչը 2019-ի նոյեմբերի 25-ին փորձել է առգրավվել փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչը մի քրեական գործի շրջանակներում, որտեղ վերջինս հանդես է եկել որպես վկաների ներկայացուցիչ: Ըստ փաստաբան Հ. Չամսարյանի հայտարարության` համակարգչում առկա են փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկություններ: Այս առնչությամբ անհրաժեշտ եմ համարում արձանագրել․

1.) Փաստաբանի գործունեության երաշխիքները սահմանված են «Փաստաբանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածով, համաձայն որի՝
- Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենքներով, փաստաբանական պալատի կանոնադրությամբ և փաստաբանական վարքագծի կանոնագրքով:
- Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:


- Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:


- Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:

 

2) Փաստաբանը, նրա ընտանիքի անդամները և նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո։

 

3) Փաստաբանական գաղտնիք են համարվում այն տեղեկությունները և ապացույցները, որոնք իրավաբանական օգնություն հայցող անձը փոխանցել է փաստաբանին, փաստաբանի տված խորհրդատվության բովանդակությունն ու բնույթը, ինչպես նաև այն տեղեկությունները և ապացույցները (նյութերը, կրիչները), որոնք փաստաբանը փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում ձեռք է բերել ինքնուրույն:

 

4) Փաստաբանական գաղտնիքի պահպանման պարտականությունը չի սահմանափակվում ժամանակի մեջ և տարածվում է նաև փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցված կամ դադարեցված անձի նկատմամբ:

 

Ծայրահեղ մտահոգիչ եմ համարում իրավապահ մարմինների կողմից փաստաբան Հովհաննես Չամսարյանի նկատմամբ նախաձեռնված ապօրինի գործողությունները և կոչ եմ անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, Փաստաբանների պալատին և իրավապաշտպան կազմակերպություններին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի կանխվի և այսուհետ նաև բացառվի փաստաբանների նկատմամբ ապօրինությունների ցանկացած դրսևորում»:
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250