ԱԱԾ աշխատակիցները փաստաբանական գրասենյակում են. մանրամասներ

Ազգային անվտանգության ծառայության քննիչը և մեկ օպերատիվ աշխատող այս պահին «HSH Consultung» փաստաբանական գրասենյակում են և ցանկանում են առգրավել փաստաբան Հովհաննես Չամսարյանի և Շուշանիկ Թադևոսյանին 2 համակարգիչը:

 

Այստեղ էին Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը, Փաստաբաններ Գուրգեն Գրիգորյանը, Երվանդ Վարոսյանը, որը Չամսարյանի և Թադևոսյանի ներկայացուցիչն է, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ, փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը, Սիրանուշ Սահակյանը և այլք։ 

 

Հովհաննես Չամսարյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել է,  որ քննիչը պատճառաբանել է, որ ինչ-որ քրեական գործով իր վստահորդի հետ է կապված։

«Ներկայացրել են դատարանի որոշում, որի հիման վրա ցանկանում են գրասենյակում խուզարկություն իրականացնել և առգրավել գրասենյակում գտնվող համակարգիչները, որոնց մեջ, ըստ իրենց, պարունակում են տեղեկություններ, որոնք կարող են գործի վերաբերյալ նշանակություն ունենալ», - նշել է նա։

 

Փաստաբանն ասաց, որ համակարգչում առկա են փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ, իսկ փաստաբանական գաղտնիությունը պաշտպանված է ներպետական և միջազգային օրենքներով։

 

Նա ասաց նաև, որ դատարանի որոշման մեջ առկա է վերապահում, որը կապված է փաստաբանական գաղտնիության հետ իսկ որոշումը ենթակա է բողոքարկման։ 

Երվանդ Վարոսյանն ասաց, որ դեպքի մասին իմացել է Չամսարյանի և եկել այստեղ։ Փաստաբանն ապօրինի է համարում քննիչի գործողությունները, և եկել են այստեղ՝ կանխելու դա։ «Մեզ այդպես էլ չի տրամադրվում դատարանի որոշումն անհասկանալի պատճառով», - ընդգծել է նա։

 

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նույնպես հղում կատարեց փաստաբանական գաղտնիության մասին օրենքին։ Զոհրաբյանն ասաց, որ հարց ըպետք է բարձրացրել պետական բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, սակայն անուններ չնշեց։

ԱԱԾ քննիչը հրաժարվեց մեկնաբանություններ տալ իր գործողությունների վերաբերյալ։

 

Որոշ ժամանակ անց Վարոսյանն լրագրողների հետ զրույցում ասաց, որ համաձայնության են եկել, և համակարգիչները չեն տարվի։

Այժմ ԱԱԾ աշխատակիցները գրասենյակում են և արձանագրություն են կազմում։