ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ծանոթ եմ 1996 թվականի մասին Փաշինյանի մոտեցումներին. վարչապետի խոսնակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայ համայնքի հանդիպմանը որպես վիդեոբլոգեր ներկայացած անձի կողմից վարչապետին սպառնացող հնարավոր վտանգին այսօր արձագանքել է Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Ադրբեջանցի բլոգեր ներկայացած անձը «պատկառելի հեռավորության» վրա է եղել վարչապետից։
«Որևէ վտանգ այդ պահին, երբ հարց ու պատասխան էր տեղի ունենում, ես չեմ նկատել։ Կարծում եմ՝ ամեն բան վերահսկելի էր»,- ասաց Կարապետյանը։
Լրագրողները հարցադրում են կատարել երեկվա Փաշինյանի ելույթի այն հատվածից, որում վարչապետը խոսել է 1996 թվականից սկսած բոլոր ընտրությունները կեղծելու մասին:
Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, որ 2008 թվականին եղել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմում, նա պատասխանել է, որ ծանոթ է եղել վարչապետի ելույթի բովանդակությանը:
Փաշինյանն ասել էր, որ 1996 թվականից սկսած բոլոր ընտրությունները կեղծվել են, և օրվա իշխանությունները պահել են իրենց պաշտոնները։ 1996 թվականի ընտրությունների արդյունքներով, որոնք չեն ընդունվել ընդդիմության կողմից, իշխանությունը պահել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նախկին դիվանագետն ասաց, որ ինքը ՀՀՇ-ական չի եղել, այլ աշխատել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։
Ինչ վերաբերում է 1996 թվականի իրադարձությունների մասին իր մոտեցմանը, Կարապետյանը հրաժարվեց դրանք բարձրաձայնել՝ ասելով, որ այդ իրադարձությունների վերաբերյալ կան դատական, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի որոշումներ։
Տեսանյութը` Shantnews.am-ի: