Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանի նկատմամբ Փաստաբանական պալատը կարգապահական վարույթ է հարուցել:

 

Պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանից «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է, որ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների առիթով ՀՀ փաստաբանների պալատում քննարկվել են փաստաբաններ Հայկ Ալումյանի և Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցերը:

 

Ըստ այդմ, Հայկ Ալումյանի մասով Փաստաբանների պալատի նախագահը որոշել է կարգապահական վարույթ հարուցելը մերժել: Պալատը գտել է, որ Ալումյանը դատավորի հետ կապված իր խոսքը կառուցել է վարչապետի հայտարարության հիման վրա, ուստի երբ վարչապետի հայտարարության մեջ ներկայացվող խոսքերը չեն համարվել վիրավորական դատական իշխանության կողմից, ապա փաստաբան Հայկ Ալումյանի կողմից այդ խոսքերի կրկնությունը, ընդ որում՝ աղբյուրի հղումով, առերևույթ չի կարող համարվել կարգապահական վարույթ հարուցելու հիմք:

 

Ինչ վերաբերում է Ռուբեն Սահակյանին, նրա նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել նախորդ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում դատավոր Աննա Դանիբեկյանի մասին արված արտահայտությունների համար: «Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել դատավոր Աննա Դանիբեկյանի հասցեին առերևույթ զսպվածությունը և բարեկրթությունը սահմանազանցող արտահայտություններով փաստաբանի կամ փաստաբանության նկատմամբ վստահությունը կամ հարգանքը խաթարելու վարքագիծը ստուգելու նպատակով»,- ասաց խոսնակը:

 

Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցում մասնավորապես նշել էր հետեւյալը. «Նա (նկատի ունի Աննա Դանիբեկյանին,-խմբ.) չի տիրապետում իր մասնագիտությանը: Նախորդ նիստում չհասկացավ, թե ինչի մասին եմ խոսում և ասաց՝ «կարճ կապեք»… Եթե չես հասկանում, ինչո՞ւ կարճ կապեմ, գնա ձեր տուն, կատուներին դատապարտի: Քո կատուների գործը լսի, ոչ թե մարդկանց… Դե, նա շատ կատուներ է պահում»:

 

Փաստաբանների պալատն ընդգծել է, որ Փաստաբանների և իրավաբանների միությունների եվրոպական խորհրդի «Եվրոպայում իրավաբանի մասնագիտության հիմնարար սկզբունքների մասին» խարտիայում սահմանված սկզբունքներով պահանջվում է խուսափել գործընկերների, առանձին դատավորների և դատարանի ընթացակարգերի ու որոշումների վիրավորական քննադատությունից:

 

Լրատվամիջոցի հետ զրույցում Ռուբեն Սահակյանը նշել է, որ ինքը վարույթի հարուցման մասին տեղեկություն չունի, եւ դա իրեն չի հետաքրքրում. «Ես հո չեմ հրաժարվում, ես այդ բառերը ասել եմ եւ նորից կկրկնեմ»: Հարցին՝ չի՞ կարծում արդյոք, որ այդ խոսքերն ինչ-որ չափով վիրավորական կարող էին լինել, Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Իսկ վիրավորական չէ՞ այն, որ նա ինձ թույլ չի տալիս խոսել, երբ ես հրապարակում եմ իմ ելույթը, փորձում եմ կարդալ իմ տեքստը, նա ինձ ասում է՝ խոսեք թեմայով, ես նրան ասում եմ՝ լսեք, որ իմանաք՝ ես թեմայի մեջ եմ թե ոչ, իսկ նա առանց լսելու ինձ շարունակ ընդհատեց եւ այդպես էլ չլսեց»:

 

Ռուբեն Սահակյանի խոսքով՝ եթե դատավորը իրենց միջնորդությունը մերժում է առանց պատճառաբանելու, ուրեմն՝ չի կարող դատավոր լինել. «Իր որոշման մեջ դատավոր Աննա Դանիբեկյանն արտագրել էր իմ ներկայացրած տեքստը, սակայն ոչ մի հարցի չէր պատասխանել: Ես տեքստի մեջ երկու տարբեր տեղերում գրել էի, որ դատարանը պարտավոր է պատճառաբանել իր որոշումը, բայց պատճառաբանություն չկա: 

  

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: 

Քաղաքականություն

Պատահարներ