«Փաստ». Վթարից հետո երթևեկելի մասը չազատելու դեպքում վարորդները կտուգանվեն
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն օրերս հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն և լրացում կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում:
Նախագծում նշվում է, որ թե՛ նշված օրենքում, թե՛ վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհներին խցանումների վերացման անհրաժեշտությամբ:
Այս նախագծի կարգավորումներով փորձ է արվելու ավտովթարների ժամանակ հնարավորինս արագ վերականգնել ճանապարհի երթևեկելի հատվածը:
Մասնավորապես՝ եթե քաղաքացին դառնա ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից, նա պետք է անմիջապես կանգնեցնի տրանսպորտային միջոցը, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով միացնի վթարային լուսային ազդանշանը և չտեղաշարժի ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները:
Եթե պատահարի հետևանքով կա զոհ կամ վիրավոր, ապա պետք է անհապաղ ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, շտապ բուժօգնություն կամ մասնագիտացված այլ ծառայություն և ոստիկանություն հայտնելու համար, իսկ ծայրահեղ դեպքերում՝ համընթաց շարժվող կամ տրանսպորտային սեփական միջոցով տուժածներին տեղափոխի մոտակա բուժհիմնարկ՝ այնտեղ հայտնելով իր տվյալները, ինչից հետո վերադառնա պատահարի վայր:
Նախագծով առաջարկվում է՝ եթե ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխումը հնարավոր է, ապա ոստիկանություն հայտնելուց հետո 20 րոպեի ընթացքում պետք է ազատել ճանապարհի երթեւեկելի հատվածը` նախապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսելով տրանսպորտային միջոցների դիրքը միմյանց և ճանապարհների ինժեներական կառույցների, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների նկատմամբ, ապահովագրական պատահարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները, պատահարի հետ կապված հետքերը ու օբյեկտները, ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ դրանց պահպանման և դեպքի վայրի շրջանցման կազմակերպման ուղղությամբ, ինչպես նաև գրանցի ականատեսների անուններն ու հասցեները և սպասի ոստիկանության ծառայողների ժամանմանը։
Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցի տեղափոխումն անհնար է:
Բացի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելը, այս նախագծով առաջարկվում է նաև լրացում կատարել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի կողմից ճանապարհի երթևեկելի մասը չազատելը, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ, կհանգեցնի տուգանքի` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Մանրամասները թերթի այսօրվա համարում