21 կրակված պարկուճ, 1 սպանված ու 1 վիրավոր. ի՞նչ է կատարվել Սևան-Մարտունի ճանապարհին
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ:
ՔԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2019 թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 9:30-ին, Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Գուրգեն Հակոբյանը՝ ծնված 1979թ., ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 9:17-ի սահմաններում, Սևան-Մարտունի ավտոճանապարհի 39.2կ/մ հատվածում, Գուրգեն Հակոբյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ինքնաձիգից կրակահերթ է արձակվել վերջինիս վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի և ձախ կողային հատվածի ուղղությամբ, որի հետևանքով Գուրգեն Հակոբյանն ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային բազմաթիվ մարմնական վնասվածքներ, իսկ այդ պահին ավտոմեքենայում գտնվող ևս մեկ անձի՝ ծնված 1962 թվականին, պատճառվել է մարմնական վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ։
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի և ձախ կողային հատվածում հայտնաբերվել է շուրջ 30 հրազենային գնդակային վնասվածք, իսկ ճանապարհի եզրից՝ 21 հատ կրակված պարկուճ, հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, կատարվել առգրավումներ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: