Մոսկվայում Փաշինյանն ու Մեդվեդևը հանդիպել են

Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը:

 

Հանդիպման սկզբում ՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին 2019-ին ԵԱՏՄ-ում նախագահության համար: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահության համար, քանի որ տարբեր իրավիճակներ կարող են լինել, սա որոշակի արվեստ է, Դուք այդ գործընթացը շարունակել եք, եւ ես կարծում եմ, որ ամեն ինչ արժանավայել կերպով է ընթացել»,- նշել է նա: Մեդվեդեւի խոսքով՝ այդ հանդիպումը լավ առիթ է՝ քննարկելու առեւտրատնտեսական համագործակցությունը, ներդրումները, երկու երկրների համագործակցությունը: «Ես պատրաստ եմ դա անել, ընդհանուր առմամբ, մեզ մոտ ամեն ինչ հաջողությամբ է զարգանում, սակայն դա չի նշանակում, որ կատարելագործելու համար ոչինչ չունենք: Կան որոշ հարցեր, որոնք կարելի է քննարկել, եւ ես դա հաճույքով կանեմ»,- ասել է նա:

 

Իր հերթին, ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը ջերմ ընդունելության համար: «Ավարտվում է կազմակերպությունում մեր նախագահության ժամկետը: Մեր նախագահությունն արդյունավետ է ստացվել, այս տարի ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ պայմանագիրը, մենք պայմանագիր ենք ստորագրել Սինգապուրի հետ, այսօր նաեւ՝ Սերբիայի հետ: Կարծում եմ, որ որոշ գործընկերների հետ բանակցությունները լավ են ընթանում: Միանշանակ կընդլայնվի երկրների աշխարհագրությունը, որոնք պայմանագիր կկնքեն ԵԱՏՄ-ի հետ: Իհարկե, դա լավ առիթ է՝ քննարկելու երկկողմ հարաբերության հարցերը: Ջերմությամբ եմ հիշում Երեւանում Ձեր այցը, լավ ժամանակ անցկացրեցինք, արդյունավետ աշխատեցինք: 

 

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ նրա համար, որ այս սեզոնում գյուղատնտեսական արտադրանքի արտահանման առումով խնդիրներ չեն եղել: Իհարկե, Վերին Լարսի խնդիրը բարդ է քաղաքացիների համար: Շատ լավ է, որ Ռուսաստանը մտադիր է սկսել վերակառուցման աշխատանքները»,- ասել է նա: Մեդվեդեւը համաձայնել է Վերին Լարսի խնդրի մասին նրա դիտողությանը՝ նշելով, որ «մտադիր են այնտեղ ամեն ինչ կարգի բերել»: 

Պատահարներ