«Լիդիան Արմենիա»-ն հայտարարություն է տարածել
«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը եւ անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի՝ «Որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին» 2018թ. օգոստոսի 27-ի թիվ 30-Ա որոշումը:
Այս առնչությամբ, «Լիդիան Արմենիայի» տարածած հայտարարության մեջ նշվում է.
«Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը 2018թ. օգոստոսի 27-ին պարտավորեցրել էր «Լիդիանին» ձեռնպահ մնալ ընդերքօգտագործմանն առնչվող որեւէ գործողություններից մինչեւ ՀՀ Բնապահպանության նախարարությունը կուսումնասիրեր «նոր էկոլոգիական հանգամանքները», որոնք Արթուր Գրիգորյանի պնդմամբ առաջին անգամ հայտնաբերվել էին Ամուլսարի ծրագրի տարածքում:
ՀՀ վարչական դատարանը եզրահանգել է, որ ենթադրյալ էկոլոգիական հանգամանքներն անկախ փորձաքննությունից հետո չեն հիմնավորվել: Դատարանը նաեւ արձանագրել է, որ Արթուր Գրիգորյանը մինչեւ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը ստանձնելն ակտիվորեն հանդես է եկել Ամուլսարի ծրագրի դեմ, ինչը հիմնավոր կասկած կարող է հարուցել նրա անաչառության առնչությամբ: Դատարանը գտնում է, որ այս պարագայում Արթուր Գրիգորյանը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, ինչը չի արել: Դատարանը անվավեր է ճանաչել 30-Ա որոշումը:
«Լիդիանի» նախագահի եւ գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտանակատար Էդվարդ Սելլերսն այս կապակցությամբ ասել է. «Մենք վստահ էինք, որ դատարանը կհաստատի, որ տեսչական մարմնի նախկին ղեկավարի պնդումներն անհիմն են եւ նրա ինքնաբացարկ չհայտնելը՝ անօրինական: Դատարանի այս վճիռը եւս մեկ անգամ հաստատում է, որ անօրինական փորձեր են արվել խոչընդոտելու «Լիդիանի»՝ Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու եւ շահագործելու օրինական իրավունքը: Ցավալի է, որ անօրինականությունը, փաստորեն, իրականացվել է նաեւ ՀՀ կառավարության պաշտոնյայի ներգրավմամբ»:
«2019թ. օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ որեւէ իրավական հիմք չկա ՀՀ կառավարության կողմից «Լիդիանին» արգելելու Ամուլսարի ծրագիրը շարունակել եւ պետության շահից է բխում թույլ տալ ծրագրի իրականացումը: Վարչապետը նաեւ կոչ է արել ապօրինություն իրականացնողներին ապաշրջափակել ճանապարհները եւ վերականգնել «Լիդիանի» մուտքն Ամուլսարի ծրագրի տարածք: Այնուհետեւ Վարչապետը տարբեր առիթներով եւս հանդես եկավ նման հայտարարություններով՝ ներառյալ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային մասնակցելու նպատակով կատարած իր այցի ընթացքում: Բայց մինչեւ այսօր ճանապարհների ապօրինի շրջափակումը շարունակվում է»:
«Վարչապետը նաեւ մի քանի անգամ հրապարակայնորեն ասել է, որ «մրցակից հանքարդյունաբերական ընկերությունները» եւ այլոք աջակցում են ապօրինի շրջափակողներին: Այժմ պարզվում է, որ նման աջակիցներից առնվազն մեկը եղել է նաեւ ՀՀ կառավարության կազմում:
ՀՀ կառավարությունը թույլատրել է Ամուլսարի ծրագրի շարունակական ապօրինի շրջափակումը 2018թ. հունիսից եւ չի ապահովել դատարանի վճիռների իրականացումը, որոնք հաստատում են «Լիդիանի»՝ Ամուլսարի տարածք մուտքի օրինական իրավունքը: Ե՞րբ է Վարչապետը բացահայտելու, թե ովքեր են աջակցում «Լիդիանի» դեմ ապօրինություններին եւ ե՞րբ է Վարչապետը քայլեր ձեռնարկելու օրենքի գերակայությունը վերականգնելու համար»: