Հայերն Ադրբեջանում խտրականության թիրախ են հանդիսանում. ԱԳՆ մամուլի խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանություն է տվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցի դրույթների վերաբերյալ:
Հարցին` Ադրբեջանի ԱԳ նախարարը իր հարցազրույցում «հիասթափություն» է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման վերաբերյալ՝ նշելով նաև, որ բանակցությունների հիմք է Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված Կազանյան փաստաթուղթը: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ։
Նաղդալյանը մեկնաբանել է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի կարծիքի առնչությամբ պարզապես ցանկանում եմ թեթևակի հիշեցում անել, որ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից: Մենք հետևողականորեն ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում մեր սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, որոնցում առաջնային նշանակություն ունեն Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը: Մենք հետևողականորեն աշխատում ենք մեր օրակարգի շուրջ:
Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ծագումով հայերի՝ Ադրբեջան այցելելու հետ կապված խնդիրներին՝ ներկայացնելով խնդրի լուծման յուրօրինակ տարբերակ:
Նաղդալյանը նկատել է, որ հայերն Ադրբեջանում խտրականության թիրախ են հանդիսանում, մեզ համար նորություն չէ: Ըստ էության, իր հարցազրույցում դա հաստատում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը, ով ընդունում է ծագումով հայերի նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության առկայությունը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է նաև այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից՝ մասնավորապես ՌԴ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից: Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ առկա խտրական քաղաքականության կառավարման լավագույն տարբերակն Ադրբեջան ամեն մի հայի մուտքի հարցը բանակցությունների առարկա դարձնելն է: