ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանի գործով նիստին կարգադրիչները խլեցին «Վնգստալու արվեստը» գրությամբ պաստառները
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի մեկնարկին միջադեպ տեղի ունեցավ դահլիճում ներկա Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, և մեղադրանքի կողմի կողմնակիցների միջև։
Երբ դատական նիստերի դահլիճ մտավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա աջակիցները վանկարկեցին «Քոչարյան հերոս», ինչը դուրս չեկավ մեղադրանքի կողմից աջակիցներին. վերջիններս սկսեցին սուլել եւ վիճաբանել Քոչարյանի աջակիցների հետ։
Այնուհետեւ երկրորդ նախագահի աջակիցները նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանյանի լուսանկարով պաստառներ պարզեցին, որտեղ գրված էր «վնգստալու արվեստը», ինչպես նաեւ Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու գործով կալանավորված Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի նկարներով պաստառներ, որտեղ տղաները ներկայացվում էին, որպես քաղբանտարկյալներ։ Դատական կարգադրիչները աջակիցների ձեռքից խլեցին պաստառները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել երիտասարդներ, որոնց թվում՝ Նարեկ Մութաֆյանը:
Վերջինս մասնակցում էր Շենգավիթի դատարանի դիմաց ի պաշտպանության Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաներին: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:
Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել եւ հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը։ Նրանք մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ: Դատարանի որոշմամբ տղաների նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Տեսանյութը NEWS.am-ի։