Հենց մեզ էր պետք, որ Հայկ Հարությունյանը գար ու ցուցմունք տար․ Լևոն Քոչարյան
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ցուցմունքն այնքան ճիշտ էր, որ հենց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին էր պետք, որ նա գար դատարան՝ ցուցմունք տալու։
Այս մասին այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Նա նշեց, որ վերջին անգամ հոր հետ հանդիպել է հոկտեմբերի 2-ին. հայրը շատ է ցավում Հարությունյանի մահվան կապակցությամբ:
«Հայկ Հարությունյանն այն մարդկանցից էր, ում հայրս շատ է գնահատել, նա շատ պարկեշտ անձնավորություն է եղել, իր գործը ճշգրիտ կատարող, այն կերպարը չէր, որ սխալ բաների մեջ թաթախված լիներ, այդ մարդն իր գործը փայլուն կատարում էր։ Հայրս եղածի համար շատ է ցավում»,-ասաց Լևոն Քոչարյանը:
Հայկ Հարությունյանի մահվանից հետո, ինչպես հայտնի է, քննարկման առարկա է դարձել նաև այն հանգամանքը, որ նրա մահը ձեռնտու էր Քոչարյանին, որպեսզի չգար և դատարանում ցուցմունք չտար: Այս հանգամանքին անդրադառնալով՝ Լևոն Քոչարյանը նշեց, թե Հարությունյանի նախաքննական ցուցմունքի բովանդակությունը հայտնի է դարձել հանրությանը, և դրան ծանոթանալով՝ նման հետևության չի կարելի գալ:
«Հայկ Հարությունյանի ցուցմունքն էնքան լավ, ճիշտ ու իրականությանը համապատասխանում է, որ հենց մեզ էր պետք, որ Հայկ Հարությունյանը գար ու ցուցմունք տար։ Ցուցմունքները հասանելի են բոլորին, այնտեղ Հայկ Հարությունյանը նշել է Ռոբերտ Քոչարյանի խոսքերն այն մասին, որ ամեն ինչ այնպես պետք է արվի, որ հանկարծ մարդ չվնասվի, ճնշումներ չլինեն, չկիրառվի ուժ»,- ասաց Լևոն Քոչարյանը:
Անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի հետ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած միջադեպին՝ Լևոն Քոչարյանը նշեց, որ քննարկել կարելի է՝ արդյոք արժեր նման բան անել, թե՝ ոչ, բայց իրավական հարթության մեջ այս հարցին անդրադառնալիս ակնհայտ է դառնում Հայաստանում երկակի ստանդարտների կիրառումը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Նարեկ Մութաֆյանը քայլել է դատավոր Աննա Դանիբեկյանի հետևից ու նրան հարցրել, թե արդյոք կա «վնգստացող դատավորների» ցանկում, որոնց մասին խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լևոն Քոչարյանը հիշեցրեց, որ մինչև դատավոր Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպը անհարգալից վերաբերմունքի և ֆիզիկական բռնության դեպքեր են եղել, որոնց պատշաճ իրավական գնահատական չի տրվել: