Քոչարյանի քրգործով ՍԴ ընդունած որոշումը հապճեպ չէր. ՍԴ դատավոր

Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը չի կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրգործով ՍԴ ընդունած որոշումը հապճեպ էր։ Այս մասին Գյուլումյանն ասել է այսօր լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ՍԴ–ն շտապե՞լ է Քոչարյանի գործով որոշում կայացնելիս։

 

«Սահմանադրական դատարան ներկայացվելիք դիմումները, ըստ օրենքի, պետք է քննվեն 3 ամսում։ Միայն բացառիկ դեպքերում ՍԴ–ն հավելյալ ժամկետ է խնդրում, որը չի կարող ևս 3 ամսից ավելի լինել։ ՍԴ–ն Քոչարյանի դիմումի մասին որոշում է կայացրել այն ներկայացվելուց  4 ամիս անց։ Հիմա հապճե՞պ որոշում է սա, թե՞ ոչ` թողնում եմ ձեր մեկնաբանությանը»,–ասել է նա։

 

Հարցին, թե ՍԴ անդամների վրա ճնշումներ կա՞ն ինչ–ինչ հարցերում` Գյուլումյանը պատասխանեց, որ ճնշում են նրան, որը ճնշվում է։ Նրա խոսքով` իրեն հնարավոր չէ ճնշել։

Հարցին , թե հաշվի առնելով, որ «Իմ քայլը» ԱԺ է ներկայացրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ փաստաթուղթ, ինչ մթնոլորտ է տիրում այժմ ՍԴ–ում` Գյուլումյանը պատասխանեց` սովորական։

 

«ՍԴ–ում մթնոլորտը նույնն է, այսինքն` այն, ինչ նախկինում էր»,–ասել է Գյուլումյանը` հավելելով, թե Թովմասյանի` լիազորությունները դադարեցնելու մասին չի կարող խոսել, քանի որ վերջում ՍԴ–ն է որոշում կայացնելու և իր` ցանկացած կարծիք կլինի կանխակալ մոտեցում։

 

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» սկսել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց։

 

Ինչ վերաբերում է ՍԴ-ն ներկայացրած Քոչարյանի դիմումներին, ապա դրանց քննությամբ ՍԴ–ն որոշել էր քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով, հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվին չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 4 հոդվածներին հակասող և անվավեր։



 

Քաղաքականություն