Նա չպետք է արժանանար այս վախճանին. Սարգսյանը` Հարությունյանի մահվան մասին

Ես չեմ բացառում ինքնասպանության վարկածը, սակայն չեմ հասկանում, թե ինչից դրդված Հայկ Հարությունյանը կարող էր դիմել նման էքստրեմալ քայլի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25–ին, ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստին լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։

 

Վերջինիս խոսքով՝ Հայկ Հարությունյանը շատ սկզբունքային, կամայական, լուրջ, ամուր կեցվածքով օժտված մարդ էր։

 

«Հայկ Հարությունյանն իր գործի պրոֆեսիոնալն էր, իր գործի և ոստիկանության նվիրյալներից մեկը։ Նա չպետք է արժանանար այս վախճանին, այս ճակատագրին, նա պետք է երկար ապրեր»,–ասել է  Սարգսյանը։

 

 Անդրադառնալով այն լուրերին, թե իբր Հայկ Հարությունյանը հիվանդությամբ է տառապել, Ալիկ Սարգսյանը նշեց, որ ինքը նման տեղեկություն չունի։

«Նա շատ առողջ էր, նախկին մարզիկ, մնացած հարցերը, որ այսօր քննարկվում է մամուլում, ժողովրդի մեջ, ինձ համար շատ խորթ է և անհասկանալի»,–նշել է ոստիկանապետը։

 

Անդրադառնալով նախաքննական մարմնի առաջ քաշած այն վարկածին, համաձայն որի՝  նախկին ոստիկանապետն ինքնասպանություն է գործել, Ալիկ Սարգսյանն ասել է. 

«Ես չեմ բացառում ինքնասպանության վարկածը, սակայն ճանաչելով նրան, չեմ հասկանում, թե ինչից դրդված կարող էր  Հայկ Հարությունյանը դիմել նման էքստրեմալ քայլի, որն այս պահին որևէ բացատրչություն չունի, դա նրա խառնվածքին, նրա տեսակին հարիր չէր։ Թող ինձ ների, բայց իմ կարծիքով միշտ վերջին պահին որոշում չունեցող մարդիկ են դիմում այդ քայլին, այլևս ելքը չտեսնելով ապրելու։ Հայկ Հարությունյանն ուժեղ մարդ էր և կարող էր ամեն ինչի դիմակայել»։

 

Ալիկ Սարգսյանը հայտարարեց, որ քննությունը լուրջ անելիքներ ունի Հայկ Հարությունյանի  մահվան հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար։

Դիտարկմանը, թե ճի՞շտ է, որ Հայկ Հարությունյանը ալկոհոլի հանդեպ հակում է ունեցել, Ալիկ Սարգսյանն արձագանքել է.

 

«Վերջին անգամ մի երեք ամիս առաջ եմ տեսել , բայց այս տարիների ընթացքում ես նրան երբևիցե հարբած չեմ տեսել, կարող է մի երկու բաժակ խմեր, տրամադրությունը լավանար։ Եթե նա վերջին ամիսներին ագրեսիվ է եղել, սկսել է ալկոհոլ օգտագործել, ես այդ մասին  որևէ տեղեկություն չունեմ»։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ