Արդեն վճարված գումարը բավարար է «Սանիթեք»-ի աշխատավարձը բաժանելու համար. Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի առջևում այսօր շարունակվում են «Սանիթեք» ընկերության աշխատակիցների ակցիաները:

 

 Վերջիններս հանդիպում էին պահանջում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: «Սանիթեք»-ի աշխատակիցները պահանջում են օգոստոս ամսվա իրենց աշխատավարձը:

 Բողոքի ակցիա իրականացնողներին մոտեցավ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

 

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, դիմելով Կարապետյանին, ասել է.

 

«Մեզ չի հետաքրքրում ձեր ու «Սանիթեք»-ի պրոբլեմը: Դուք հետո միմյանց հետ բանակցություններ կվարեք: Բերեք, մեր փողը տվեք»:

Կարապետյանը պարզաբանեց ստեղծված իրավիճակը:

 

«Երկու շաբաթ առաջ ես ասացի, մի քանի օր առաջ վերահաստատեցի, նաև «Սանիթեք»-ի աշխատակիցների պահանջով ներկայացրի գրավոր, կնիքով ու ստորագրությամբ հաստատված տեղեկանք, որ Երևանի քաղաքապետարանն օգոստոսին վճարել է է 165 մլն դրամ: «Սանիթեք»-ի իմ գործընկերը կարծեմ հենց նույն օրը հայտարարություն արեց, որով, ըստ էության, հաստատեց իմ ասածը, որ օգոստոս ամսվա աշխատավարձային պարտավորությունը կազմում է 132 մլն դրամ, այսինքն՝ վճարված գումարն առավել քան բավարար է «Սանիթեք»-ի աշխատավարձը բաժանելու համար»,- ասել է  նա:

 

Կարապետյանն նշել է՝ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք»-ին վճարել է այնքան գումար, որքան աշխատել է այդ ընկերությունը, և չի վճարել այն գումարները, որոնց չափով ձախողել է «Սանիթեք»-ը: Նա հիշեցրեց՝ մոտ մեկ ամիս է՝ «Սանիթեք»-ը չի աշխատում, փողոցում աղբ, ըստ էության, չկա, խնդիրը գրեթե լուծված է, բայց մենք լավ հիշում ենք՝ ամառվա ամիսներին ինչ վիճակ էր քաղաքում:


 

Քաղաքականություն