ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չի կարելի գնալ այդ ճանապարհով. Սիմոնյանը՝ Հարությունյանի մահվան դեպքի մասին
Ես կարծում եմ, որ շուտ է հիմա որեւէ եզրակացություն անել, որովհետեւ նախաքննություն է գնում, կա անձ, որին հրավիրել են եւ որը պետք է բացատրություն տա, թե ինչի մասին է ընդհանրապես խոսքը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության մասին հարցին։
«Շատ ցավալի դեպք է, բայց իշխանության ճնշո՞ւմ։ Մենք այսքան ժամանակ չենք դրսեւորել մեզ՝ որպես իշխանություն, որը կարող է մարդ սպանի, մարդ ծեծի կամ մարդուն այն օրի հասցնի, որ ինքնասպանության դիմի: Առավել եւս՝ իրավապահ մարմինների պարագայում: Տարբեր վարկածներ են պտտվում։ Ես հակառակ վարկածին էլ եմ ծանոթացել՝ սպանել են, որ չգնա, ցուցմունք տա «Մարտի 1-ի» գործով: Չի կարելի հիմա գնալ այդ ճանապարհով: Պետք է սպասել, տեսնել ինչ կլինի, խոսքը մարդու կյանքի մասին է, պետք է շատ զգույշ լինենք։ Որեւիցե մեկի մոտ թող կասկած չլինի, որ իրողությունն ինչպես եղել է, դրա մասին բոլորը կիմանան»,–նշեց նա:
Հարցին՝ «Մարտի 1-ի» գործով վկաների անվտանգությունը պահպանման անհրաժեշտություն արդյոք չկա՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, այնուամենայնիվ, դատարանի որոշումը առ այն, որ Ռոբերտ Քոչարյանին չպետք է բաց թողնել, խափանման միջոցը փոխելու մասին է խոսքը, ճիշտ է: Այս գործը, իրոք, շատ ջուր կտանի, վերաբերվում է շատ ու շատ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների, ՀՀ քաղաքացիների ընտանիքներին, պետք է լուրջ լինենք այս հարցով: Մերօրյա Հայաստանը հանգիստ երկիր է, առավել եւս հիմա՝ հեղափոխությունից հետո, երբ մարդիկ բավարարված են եւ իրենց մեջ ունեն արդարության զգացում: Կարծում եմ, սա անցյալից մնացած արձագանքներից է»:
Տեսանյութը news.am -ի: