«Սանիթեք»-ի աշխատակիցների աշխատավարձը կվճարվի

«Սանիթեք» ընկերության աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով օգոստոս ամսվա իրենց աշխատավարձը:

 

Հավաքվածները փորձեր արեցին փակել Արգիշտիի փողոցը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:

 

«Սանիթեք»-ի աշխատակիցները փորձեցին նաև մտնել քաղաքապետարան, սակայն ոստիկանները պատնեշ կազմեցին և փակեցին մուտքը: Նրանք պահանջում էին, որպեսզի քաղաքապետարանից իրենց ներկայացնեին այն փաստաթուղթը, որտեղ նշված է, որ իրենք «Սանիթեք»-ին փոխանցել են գումարը, եւ իրենք կարող են այդ գումարից աշխատավարձ ստանալ:

 

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մոտեցավ բողոքի ակցիայի մասնակիցներին և ասաց, որ քաղաքապետարանն այժմ փնտրում է իրավական մեխանիզմներ այդ հարցը պարզելու համար: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը

 

«Մենք նաև կապ ենք հաստատել այն բանկի հետ, որով արվել է փոխանցումը: Երևանի քաղաքապետարանն անում է ամեն ինչ, որպեսզի հնարավորության դեպքում հարցը լուծվի առանց «Սանիթեք»-ի՝ աշխատավարձերը վճարվեն անձամբ ձեզ»,- նշեց Կարապետյանը:

 

Մամուլի խոսնակը նաև ընդգծեց, որ օգոստոս ամսվա աշխատանքների համար փոխանցել է 141 մլն ՀՀ դրամ, իսկ հուլիսի համար՝ 23 մլն: