«Հյուսիս-Հարավ»-ի գործով 3 անձ որպես մեղադրյալ է ներգրավվել և հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից, ՀՀ գլխավոր դատախազության և ազգային անվտանգության ծառայության հետ փոխգործակցության արդյունքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել` Ծրագրի իրականացման ընթացքում ենթակապալառու կազմակերպությունների ընտրության հարցում հստակ ներդրված հանցավոր սխեմայի մասին:

 

Մասնավորապես` պարզվել է, որ թեև ըստ իրավական ընթացակարգերի ենթակապալառու կազմակերպությունների ընտրությունը գլխավոր կապալառու իսպանական կազմակերպության կողմից պետք է կատարվեր Ծրագրի ինժեների և պատվիրատուի՝ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց համաձայնությամբ, սակայն փաստացի այդ գործընթացները ղեկավարվել են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի կողմից, ով այդ գործընթացները կազմակերպել և իրականացրել է Ծրագրում որպես ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ:

 

Պարզվել է, որ Լյովա Սարգսյանը, Ծրագրում որպես  ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ իր ունեցած դիրքի և կապերի շնորհիվ, իրական ազդեցություն է ունեցել 250մլն. ԱՄՆ դոլար արժողության Ծրագրում շինարարական աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ցանկություն ունեցող ենթակապալառու ընկերությունների ընտրության և ներգրավման հարցերում և գործելով վերը նշված անձանց հետ, ձեռք բերված նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով և խմբային շահերից ելնելով՝ օգտագործել է իր իրական ազդեցությունը՝ իրավաբանական անձի օգտին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելուն նպաստելու և ծառայության գծով հովանավորչության համար, որը կատարելու համար միջնորդի միջոցով կազմակերպություններից մեկի տնօրենից պահանջել է վճարել աշխատանքների կատարումից ակնկալվող շահույթի 50 տոկոսը, որի ստացումը կազմակերպել է փողերի լվացման միջոցով:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ Լյովա Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311.2 -րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

 

Սուրեն և Գևորգ Վարդանյանները որպես մեղադրյալներ են ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 311.2 -րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում:

Նախաքննությունը շարունակվում է ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Ծրագրի կատարման ընթացքում թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները բացահայտելու, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: