Մոսկվայում հայտնաբերել են Վանո Սիրադեղյանի փեսայի եղբորը 18 տարի առաջ սպանած տղամարդուն
Ռուսաստանում հայտնաբերված Գեղամ Մաչանյանը մեղադրվում է Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի աղջկա ամուսնու եղբոր սպանության համար։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ Քրեական հետախուզության գլխավոր վարչության (ՔՀԳ) ծառայողները հայտնաբերել են 2001 թվականից հետախուզվող, Վաղարշապատ քաղաքում հաշվառված 48-ամյա տղամարդուն։ Սեպտեմբերի լույս 7-ի գիշերը նա ոստիկանների ուղեկցությամբ Մոսկվայից տեղափոխվել է Երևան։
Ըստ կայքի` տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել մի շարք հոդվածներով (սպանություն, բանդիտիզմ և պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելը)։
Կայքի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել 2001 թվականի հոկտեմբերի 7-ին։ Այդ օրը, ժամը 09։30-ի սահմաններում թիվ 75 երթուղու ցուցանակով «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել են կանգառում կանգնած Անդրանիկ Քալաշյանին, նա էլ առանց որևէ բան կասկածելու` նստել է երթուղային տաքսին։ Ավտոմեքենայի շարժվելուց մի քանի րոպե հետո Գ. Մաչանյանը և նրա հանցակից ընկեր Աշոտ Զատիկյանը ավտոմեքենայի մեջ հարձակվել են Քալաշյանի վրա, հափշտակել նրա մոտ եղած ոսկյա զարդերով պայուսակը։
Երևանի ներքին գործերի վարչության պետավտոտեսչության աշխատակիցներ Արմեն Բարսեղյանը և Գուրգեն Գեջագյոզյանն այդ պահին ծառայություն են կատարել Արցախի պողոտայում։ Նրանք նկատել են, որ ավտոմեքենայում քաշքշուկ է և փորձել են կանգնեցնել «Ռաֆ» ավտոմեքենան։ Իրենց ծառայողական ավտոմեքենայով վազանց են կատարել, փակել ճանապարհը և ստիպողաբար կանգնեցրել ավտոմեքենան։ Նրանք մոտեցել են վարորդից փաստաթղթեր պահանջելու։Քալաշյանը, տեսնելով, որ ավտոմեքենայից իջել են նաև իրեն ծեծի ենթարկողները, օգտվելով ստեղծված իրավիճակից՝ ինքն էլ է իջել ավտոմեքենայից և փորձել է հանցագործներից հետ վերցնել ոսկյա զարդերով պայուսակը։ Ստեղծվել է քաշքշուկ, և այդ ընթացքում Ա. Զատիկյանն ու Գ. Մաչանյանն ատրճանակներից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով սպանվել են Ա. Քալաշյանը և պետավտոտեսուչ Ա. Բարսեղյանը։ Դրանից հետո նրանք փախել են` իրենց հետ տանելով հափշտակված զարդերը։
Այն ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարարության Էրեբունու ներքին գործերի բաժնում հարուցվում է քրեական գործ և Մաչանյանի նկատմամբ հայտարարվում է հետախուզում։
Կայքի տեղեկություններով՝ սպանված պետավտոտեսուչը այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի աղջկա ամուսնու եղբայրն էր։ Հանցագործները նախօրոք տեղեկացված են եղել, որ «Հայաստան» հանրախանութում ոսկյա զարդերի առևտրով զբաղվող Քալաշյանն ամեն օր առանձնապես խոշոր չափերի հասնող ոսկյա զարդերը հանրախանութից տեղափոխում էր տուն և ավազակային հարձակում կատարելու միջոցով նախապես համաձայնության էին եկել և հոկտեմբերի 7-ին կատարել էին հանցանքը։