
Մտադրություն ունենք համագործակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական էկոհամակարգի հետ. Պոլ Ռեմին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած՝ միջազգային տեխնոլոգիական առաջատարներից մեկի՝ ֆրանսիական «Thales Group» ընկերության պատվիրակությունը երկօրյա այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել էկոնոմիկայի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատուների, տեխնոլգիական ու նորարարական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ուղղություններն ու հեռանկարները:
Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, ամփոփելով այցի և հանդիպումների արդյունքները՝ ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Պոլ Ռեմին նշել է. «Մեր այցի նպատակը Հայաստանի և «Thales Group»-ի միջև ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքելն է՝ հստակեցնելու այն պոտենցիալ ուղղությունները, որոնցով կարող ենք ներկայություն ունենալ ձեր երկրում: Ուստի սա շատ կարևոր է: Շատ լավատեսորեն ենք տրամադրված: Առաջիկայում մեր գլխավոր տնօրենին ենք ներկայացնելու այն ամենը, ինչ գտանք այստեղ՝ հետագա քայլեր ձեռնարկելու նպատակով»:
Նա նշել է, որ համագործակցության առումով շատ լավ հեռանկարներ կան: «Մեր ցանկությունն է հասնել շոշափելի արդյունքների, լուրջ գործեր անել:
Մտադրություն ունենք համագործակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայկական էկոհամակարգի հետ: Սակայն պետք է լրջորեն աշխատենք՝ հստակեցնելու իրական և շոշափելի ուղղությունները:
Մենք համագործակցության համար մի շարք ոլորտներ ենք դիտարկում: Շատ ոգևորող տարրեր տեսանք էլեկտրոնային փորձարկման կարողությունների ոլորտում, հետաքրքիր մոտեցումներ՝ արհեստական բանականության ոլորտում: Մտադիր ենք կրկին այցելել Հայաստան՝ այնքան հաճախ, որքան կպահանջվի:
Հայաստանը շատ ռեսուրսներ ունի, օրինակ` մարդկային կապիտալը: Որպես բարձր տեխնոլոգիական ընկերություն՝ մենք Հայաստանը դիտարկում ենք որպես մեծ շուկա: Հայաստանը փոքր երկիր է, սակայն ունի շատ հզոր կրթական ու տեխնոլոգիական հիմքեր, իսկ Thales-ի նման ընկերության համար դա մեծ առավելություն է»,- ընդգծել է Պոլ Ռեմին:
«Thales Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում: