Սա խնդրահարույց է. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկացած ժողովրդավար պետությունում առանցքային նշանակություն ունի տեղեկություն ստանալու իրավունքը։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, Սահմանադրության ուժով, ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատություն:

 

Կառավարության համար սկզբունքային է տեղեկատվության ազատության իրավունքի իրացման միջոցով կառավարման համակարգի թափանցիկության, մասնակցայնության և արդյունավետության ապահովումը։

Հաշվի առնելով այս ոլորտում քաղաքացիների բողոքները՝ ուսումնասիրել ենք պետական մարմինների կայքերում պաշտոնատար անձանց հետ կապ հաստատելու մասին առկա տեղեկատվությունը: Պարզվել է, որ մի շարք պետական մարմինների կայքերում հրապարակված չեն պաշտոնյաների աշխատանքային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները կամ դրանք թերի են։ Սա խնդրահարույց է, քանի որ արդյունքում տուժում է կառավարման համակարգի թափանցիկությունը, սահմանափակվում է պետական մարմինների հասանելիությունը և դժվարանում է քաղաքացի-պետական մարմին հաղորդակցությունը։

 

Հանձնարարական եմ ուղարկել պետական գերատեսչություններին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 7-րդ հոդվածում ամրագրված տեղեկությունների մատչելիությունն ու հրապարակայնությունը, ներառյալ պետական մարմինների պաշտոնատար անձանց անունների, ազգանունների, պաշտոնների, աշխատանքի վայրի հեռախոսային համարների, էլեկտրոնային փոստի հասցեների հրապարակումն ապահովելու վերաբերյալ։ Պետական մարմիններին հանձնարարվել է նաև իրենց պաշտոնական կայքերը համապատասխանեցնել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին։ Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայողը պետք է հասանելի լինի քաղաքացու համար։ Հանրային իշխանությունը պետք է ապահովի ու պաշտպանի Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված մարդու իրավունքները»։