720 միլիոն դրամ ․Կառավարությունը հաստատեց Մարտի 1-ի տուժածներին տրամադրվելիք օգնության չափերը

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց 2008 թվականի մարտի 1-2-ը տեղի ունեցած իրադարձությունների զոհերի և տուժածների ընտանիքներին օգնություն տրամադրելու կարգը և չափը։ Ընդհանուր առմամբ, դրա համար կհատկացվի 720 միլիոն դրամ։ 

«30 միլիոն դրամ՝ զոհված, մահացած անձանց իրավահաջորդների համար է, 15 միլիոն՝ ծանր մարմնական վնասվածքի դեպքում, միջին ծանրության վնասվածքի դեպքում՝ 5 միլիոն դրամ», – օգնության չափերը ներկայացրեց արդարադատության նախարար Վահրամ Բադասյանը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծեց, որ այս գումարները տրվում են ոչ թե որպես փոխհատուցում, այլ որպես օգնություն տուժածներին։ Իսկ փոխհատուցման մասին որոշումները, ըստ Փաշինյանի, ընդունվելու են ՄԻԵԴ որոշումների հիման վրա։ 

Փաշինյանը բացատրեց, որ ինքը նույնպես մասնակից է այդ դեպքերին, և որպեսզի փոխհատուցման չափերը որոշվեն չեզոք ձևով, կառավարությունը կսպասի ՄԻԵԴ որոշումներին։ Իսկ աջակցության այս գումարները կտրամադրվեն մինչև ՄԻԵԴ որոշումների ընդունումը։