Քաղաքականություն

«Իմ քայլի» պագամավոր Էդգար Առաքելյանը մանդատը վայր դնելու մասին

WRed 271 դիտում
«Իմ քայլի» պագամավոր Էդգար Առաքելյանը մանդատը վայր դնելու մասին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը այսօր՝ սեպտեմբերի 4-ին, պատգամավորական մանդատը վայր դնելու մասին գրավոր դիմումը ներկայացրել է Ազգային ժողովի նախագահին։

 

 Այս մասին Էդգար Առաքելյանն ասաց NEWS.am-ի հետ զրույցում։

 

Մեր հարցին ի պատասխան, նա ասաց. «Երեք րոպե առաջ եմ ստորագրել դիմումը»։

 

Նշենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն  պատգամավորը մեկ շաբաթվա ընթացքում կարող է հետ վերցնել իր դիմումը.

«Եթե պատգամավորը հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

 

Ավելի վաղ Էդգար Առաքելյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին. «Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:

 

Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որեւէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարեւորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ:

Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, հատկապես` հարազատ, ում համար իմ այս քայլը հիասթափության կամ այլ բացասական զգացողությունների տեղիք կտա: Համոզված եմ, որ այս վաղ փուլում դա չանելու պարագայում զղջալու բազմաթիվ առիթներ են լինելու ապագայում` նորից պայմանավորված վերը նշված հանգամանքով:

 

Հատուկ եւս մեկ անգամ շեշտում եմ, որ սա անձնական որոշում է` դեմարշ չէ Ամուլսարի հանքի հնարավոր շահագործման, Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման կամ որեւէ այլ գործընթացի դեմ, թեեւ ժամանակային առումով գուցե համընկնում է դրանց հետ: Սա որեւէ կերպ քայլ չէ ընդդեմ «Իմ քայլ»-ի, որի մի մասնիկը լինելու պատիվն եմ ունեցել վերջին ամիսներին: Հայտնի ուժերին եւ նրանց խամաճիկներին խորհուրդ եմ տալիս անտեղի չոգեւորվել, քանի որ դրա հիմքերը ուղղակի չկան:

 

Որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի շարունակելու եմ սատար կանգնել հեղափոխական թիմին եւ նրա ձեւավորած գործադիր ու օրենսդիր իշխանությանը երկրում արմատական բարեփոխումների իրականացման եւ արդարության հաստատման, ժողովրդավարության ամրապնդման դժվարին ճանապարհին:

 

Ամենայն հավանականությամբ կշարունակեմ զբաղվել նրանով, ինչով մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները. կվերադառնամ ՏՏ ոլորտ` ինձ այդքան հարազատ ու սիրելի կոդերի աշխարհ: Վստահ եմ, որ դրանով ավելի մեծ օգուտ կբերեմ մեր երկրին:

Հ.Գ. Այլ մեկնաբանություններ ԶԼՄ-ների համար չեն լինելու, խնդրում եմ սահմանափակվել այսքանով»,–գրել էր նա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250